Մատչելիության հղումներ

Պարզվում է Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների ինքնությունը. ՔԿ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ոստիկանությունում մայիսի 15-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով՝ ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կ.Ուլնեցի փողոցում մի քանի երիտասարդ մահակներով հարվածել և վնասել են քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ պատճառելով նյութական վնաս:

Քննչական կոմիտեն նշում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ինչպես բռնությունից տուժած անձանց, այնպես էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ներբեռնվել և քննության առարկա է դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունը:

«Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Քննությամբ պարզվել է վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը՝ Մ.Դանիելյան, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել», - նշում է կոմիտեն՝ շարունակելով. - «Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց, վերջիններիս գործողություններից տուժած այլ ավտոմեքենաների վարորդների և դեպքին ականատես անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին»։

Կոմիտեն խնդրում է միջադեպի հետևանքով տուժած անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Նշենք, որ հաղորդագրությանը կից կոմիտեն լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG