Մատչելիության հղումներ

Երևանում ավարտին է մոտենում միջազգային երիտասարդական թատերական ֆորումը


Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Արդեն երրորդ անգամ է անցկացվում հետխորհրդային տարածքի երկրների երիտասարդ թատերական գործիչների ֆորումը՝ ԱՊՀ, բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումը:

Ֆորումն այս տարի անցնում է Երևանում մայիսի 15-21-ը: Ընդգրկուն ծրագիրն ներառում է ոչ միայն ամենատարբեր թատերական խնդիրների՝ այդ թվում և տեսական խնդիրների, ստեղծագործական քննարկումներ, կլոր սեղաններ, այլև վարպետության դասեր, համատեղ աշխատանքային գործընթաց՝ համատեղ ներկայացումներ ստեղծելու համար, և այլն:

Առաջին անգամ երեք տարին մեկ տեղի ունեցող թատերական այս ֆորումը կայացել է Մոլդովայում՝ Քիշնևում 2012-ին, հետո Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, և ահա այս անգամ Երևանում, որտեղ էլ այս երեկո կկայանա ֆորումի փակման հանդիսավոր արարողությունը, և հայտնի կդառնան ֆորումի ընթացքում ներկայացված և մրցանակների արժանացած բեմադրությունները:

Յուրաքանչյուր երկրից, ի դեպ, ֆորումի փորձագիտական խորհուրդը մեկ ներկայացում է ընտրում ֆորումի ընթացքում ցուցադրելու համար, և այս օրերին մայրաքաղաքային թատրոններում մեր թատերասերները հնարավորություն ունեին ծանոթանալ հետխորհրդային տարածքում ծնունդ առած ուշագրավ ներկայացումներին:

Լավագույն ներկայացումը իրավունք է ստանում մասնակցելու Չեխովի անվան թատերական հեղինակավոր մրցանակաբաշխությանը: Փորձագետներից բաղկացած ժյուրիի կազմում են անվանի թատերական քննադատներ հետխորհրդային տարբեր երկրներից:

«Ազատության» հետ զրույցում ֆորումի կազմակերպիչներից Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը փոխանցեեց, որ ֆորումի շրջանակներում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի ճեմասրահում բացվել է նաև ֆորումին մասնակից երկրների սցենարիստների աշխատանքների ցուցահանդեսը:

Նրա խոսքով, ֆորումի օրերը անչափ հագեցած էին և կարող են արդյունավետ լինել հատկապես երիտասարդ թատերական գործիչների համար․ - «Մեր թատերական երիտասարդությունն էլ, համենայն դեպս նրանք, ովքեր շահագրգռվածություն ունեին, գալիս էին ամեն օր: Նպատակը նա է, որ շփումներ լինեն, կապեր ստեղծվեն, համատեղ միջազգային պրոեկտներ մտածվեն: Նույնիսկ երկրներ կան, որ մի քիչ բարդ քաղաքական փոխհարաբերությունների մեջ են, բայց այստեղ ընկերանում են: Եվ դա լավ է: Այնուամենայնիվ ապագան պետք է խաղաղության հետ կապենք մենք, միայն խաղաղ համագործակցության հետ: Էս էրեխեքը մի քանի տարի հետո արդեն իրենք են իրենց երկրներում դառնալու թատերական գործի տնօրինողները»:

Ղազանչյանի կարծիքով, հետխորհրդային տարածքում թատերական զարգացումները, ընդհանուր պրոցեսները նման են․ - «Ըստ էության, այո: Ըստ էության, յուրաքանչյուրը իր երկրի տրադիցիաները իր մեջ կրելով՝ այնուամենայնիվ էստեղ տեսնում ենք, թե ինչքան նման են նպատակները, ինչքան նման են գերխնդիրները: Ուղղակի տարբեր ճանապարհներով են մարդիկ հասնում դրան: Օրինակ, շատ թերահավատորեն մենք մոտենում էինք միջինասիական երկրների թատրոնին, բայց հրաշալի թատրոններ են, որովհետև էնտեղ մի նոր ուղղություն սկսվեց հատկապես երիտասարդների մեջ՝ ազգային ֆոլկլորի, ազգային տրադիցիայի վրա հիմնված, և արդյունքում շատ հետաքրքիր ներկայացումներ են ստեղծվում»:

Հարցին, թե արդյոք նույնն են նաև թատերական խնդիրներն ու հոգսերը, Ղազանչյանը արձագանքեց․ - «Էստեղ հոգսերի մասին շատ քիչ ենք խոսում: Ավելի շատ խոսում ենք ստեղծագործական հարցերից: Սա ապաքաղաքականացված ֆորում է․․․ Կան երկրներ, որտեղ թատրոնին մեծ գումարներ են հատկացվում, բայց այդ երկրների թատրոնները շատ ավելի հետամնաց են․․․ Օրինակ, Թուրքմենիան վերցնենք: Ինչքան ուզում ես միլիոններ տուր․․․ մենակ փող չէ․ կահավորված բնակարաններ են տալիս երիտասարդ արվեստագետներին, թատերական շենքերը տեսնես՝ ամեն մեկը մի պալատ՝ վերջին տեխնիկայով: Բայց արդյունքում պարզվում է, որ դա էլ գլխավորը չի»:

Անդրադառնալով հայ թատրոնի մասնակցությանն այս ֆորումին՝ Երվանդ Ղազանչյանն ասաց․ - «Մեր թատրոնը երկու նախորդ ֆորումներում էլ շատ բարձր տպավորություն է թողել: Քիշնևում Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումն էր, որ լավագույն եռյակում էր: Մինսկում լավագույն կանացի դերակատարման մրցանակը ստացավ Մարիաննա Ղազանչյանը: Մեր սցենոգրաֆները, թատերագետները հրաշալի են ներկայանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG