Կենտրոնական բանկը մշտապես աջակցել է կոռուպցիայի դեմ պայքարին, «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով օրենքով սահմանված կարգով բանկը մշտապես ինֆորմացիայով փոխանակվում է Ազգային անվտանգության ծառայության հետ։
Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ նաև շարժման օրերին երկրից գումարների արտահոսքի մասին։
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
«Ազատություն». - Դուք նշեցիք, որ եղել է ավանդների խզում տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից, մոտավոր ինչպիսի՞ գումարների մասին է խոսքը գնում և ինչպիսի՞ իրավիճակ է այժմ։
Ջավադյան. - Գումարների մասին խոսելն այնքան էլ ճիշտ չի երևի, բայց խոսքը չի գնացել հարյուրավոր միլիոնների մասին, խոսքը գնացել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին, բայց դա կարևոր չի, որովհետև ժամկետից շուտ խզումների երևույթը մենք տեսել էինք նաև 2014 թվականի վերջին, բայց սենց արագ վերականգնում մենք նույնիսկ այն ժամանակ չենք տեսել։
«Ազատություն». - Երբ սկսվեցին խզումները, երբ սկսվեց վերականգնումը։
Ջավադյան. - Խզումները սկսվեցին ապրիլի 22-23-ից վերականգնումն էլ սկսվեց մոտավորապես մայիսի 10-ից հետո։ Հիմա սալդոն դրական է, որևէ խնդիր չունենք, հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնում է գնում, և որևէ խնդիր համակարգում չկա։ Էն ժամանակ էլ համակարգն իրացվել էր, մենք որևէ վատ երևույթ՝ բացասական, որ կարող էր սպառնալ մեր ֆինանսական կայունությանն այն ժամանակ էլ չունեինք։
«Ազատություն». - Նաև շատ խոսվեց այդ օրերին երկրից գումարների զգալի արտահոսքի մասին, ինչը մտահոգություններ էր առաջացրել։
Ջավադյան. - Դրանք մեծամասնությամբ միֆեր էին, այդպիսի խոշորածավալ արտահոսքեր չեն եղել։ Եղել են արտահոսքեր, որոնք բնականոն էին և բնորոշ էին այդ ժամանակահատվածին։
«Ազատություն». - Դուք հերքում եք, որ գործարարները դուրս են բերել իրենց ակտիվները։
Ջավադյան. - Այդպիսի արտահոսքի արտառոց դեպքեր, երբ որ մարդիկ սկսում էին դուրս բերել ակտիվներն, այդպիսի բանի չհասավ։ Որոշակի խզումներ եղան ավանդների, իսկ ինչ վերաբերվում է բիզնեսին, նախ մեր բիզնեսն այդպիսի մեծ խնայողություններ չուներ, որ միանգամից այդ խնայողությունները դուրս գար, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ այնպիսի արտահոսք, որի մասին խոսում եմ, որը բնականոնից շատ ավելի դուրս է, այդպիսի արտահոսք չի եղել։
«Ազատություն». - Ինչպես գիտեք Ազգային անվտանգության ծառայությունը խոստացել է լուրջ բացահայտումներ անել ստվերի դեմ պայքարում՝ բացահայտել կոռուպցիոն շղթան և բացահայտվել են 350 անձանց հետ կապված տվյալներ, որոնց անձնագրերն օգտագործվել են՝ խոշոր բիզնեսներ են ստեղծվել, Դուք ինֆորմացիաներ այս ամենի հետ կապված չե՞ք ունեցել նախկինում, սա Ձեզ համար անակնկա՞լ էր։
Ջավադյան. - Մենք մշտապես փոխանակվում ենք ինֆորմացիայով Ազգային անվտանգության ծառայության հետ։
«Ազատություն». - Դուք տեղյա՞կ էիք այդ մասին։
Ջավադյան. - Այն ինֆորմացիան, որը մենք պետք է տանք օրենքով սահմանված կարգով մենք տրամադրում ենք մեր գործընկերներին ու մենք բավականին լավ հարաբերություններ ունենք մեր գործընկերների հետ, քանի որ գիտեք՝ ֆինանսական հետախուզության որոշ հարցերով մենք ենք զբաղվում։
«Ազատություն». - Իսկ այդ պայքարը որոշակի ազդեցության կբերի՞ տնտեսության վրա՝ հաշվի առնելով ստվերի կրճատում, կոռուպցիոն սխեմաների բացահայտում։
Ջավադյան. - Գիտեք ինչ, կոռուպցիայի դեմ պայքարը նախ պատկան մարմինների կողմից իրականացվող պայքարն է, բայց վստահ եղեք, որ բոլոր տիպի կառույցներ, այդ թվում՝ անկախ կառույցներն ինչպիսին մենք ենք, մենք էլ ենք մշտապես աջակցող կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ու մենք ամեն ինչ, բոլոր մեր ջանքերը դնում ենք էդ ուղղությամբ, որ որևէ դեպքեր չլինեն և որևէ դեպքում, եթե զգում ենք, որ կա այդպիսի անհրաժեշտություն, վստահ եղեք, որ մենք այդ ինֆորմացիայով կիսվում ենք մեր գործընկերների հետ։