«Նվիրիր կյանք» հիմնադրամը կշարունակի իր աշխատանքը և այսուհետ ևս կաջակցի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը՝ այս մասին այսօր հայտարարեցին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները։
Լրագրողների հետ հանդիպման հիմնական թեման անցած շաբաթվա սկզբին հիմնադրամի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարություն էր, ըստ որի՝ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է։
Այսօր արդեն «Նվիրիր կյանքի» ներկայացուցիչները պնդում են՝ նման հայտարարության պատճառը երկրում առկա քաղաքական իրավիճակի փոփոխությունն էր, որը մի շարք տեխնիկական հարցեր առաջ բերեց։ Գլխավոր հարցը կապված էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ։
«Երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, հիմնադրամի հոգաբարձուների նախագահը տիկին Սարգսյանն էր, այսինքն՝ տեխնիկական ինչ-որ բաներ պիտի փոխվեին հիմնադրամի գործունեության մեջ», - պատմեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը: - «Երբ որ մենք այդ հայտարարությունը կայքէջի վրա դրեցինք, դա չէր նշանակում, որ այն երեխաները, որոնք այս պահին հիմնադրամի շահառուներ են, դադարեցվելու է ֆինանսավորումը: Դա նշանակում էր, որ մոտավորապես երկու ամիս նոր շահառու չենք վերցնելու, որպեսզի հոգաբարձուները կարողանան հավաքվել և որոշել նոր պայմաններում ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչպես է լինելու ֆինանսների հավաքագրումը»:
9 տարի առաջ հիմնադրված բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը արդեն 8 տարի զբաղեցնում է հենց Ռիտա Սարգսյանը։ Նախկին առաջին տիկինը, թեև դեռ չի շտապում հայտարարել հիմնադրամից հեռանալու կամ մնալու իր որոշման մասին, սակայն հոգաբարձուների խորհուրդն արդեն որոշել է՝ կաշխատեն առանց պատվավոր նախագահի պաշտոնի։ Այստեղ նաև չեն թաքցնում՝ բոլոր նվիրատվությունների 30 տոկոսը անձամբ Ռիտա Սարգսյանն էր հավաքագրում և նրա՝ առաջին տիկին չլինելու փաստը մտահոգության տեղիք տվեց։
Խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանը բացում է փակագծերը՝ տարին 1 անգամ Ռիտա Սարգսյանը նամակով դիմում էր խոշոր հարկատուներին ու խնդրում գումարներ նվիրաբերել, հիմա այդ եղանակը կարող է չաշխատել։
«Բաց խոսենք․․․ շատ գեղեցիկ նամակներ ուղարկում էր նույն Սամվել Ալեքսանյանին, նույն Ծառուկյանին, նույն մնացած խոշոր հարկատուներին և ասում էր՝ ժողովուրդ ջան, կոպիտ ասած՝ կիսվեք, ձեր ունեցածը տվեք էս երեխեքին», - պատմում է Շուշանիկ Արևշատյանը: - «Հիմա՝ եթե ես լինեի կամ մյուսը, չէին տա, ճի՞շտ է: Եթե հիմա տիկին Ռիտան նույն նամակը գրի նույն Ալեքսանյանին, նույն Ծառուկյանին, ի՞նչ եք ակնկալում, ի՞նչ պատասխան կլինի: Հիմա մենք պիտի նստենք որոշենք՝ ո՞նց ենք ներկա պայմաններում շարժվելու առաջ: Կոպիտ ասած՝ պոչկեքին ենք խփելու, թե լավով ենք խնդրելու էդ գումարները տան, կամ ուրիշ ճանապարհ ենք գտնելու»:
Գումարների հավաքագրումը կլինի նամակների, թե բարեգործական համերգների միջոցով, կորոշվի հիմնադրամի նոր քաղաքականության արդյունքում՝ ասում են խորհրդի անդամները։
Գումարների հավաքագրումը կլինի նամակների, թե բարեգործական համերգների միջոցով՝ կորոշվի հիմնադրամի նոր քաղաքականության արդյունքում, ասում են խորհրդի անդամները։
Նրանցից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք «Նվիրիր կյանքը» պատրաստվում է համագործակցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Ի պատասխան «Ազատության» հարցի, խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանն ասաց՝ նախորդ շաբաթ Հակոբյանը հանդիպել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը «Նվիրիր կյանքը» հրավիրված չի եղել։
«Մենք հրավիրված չէինք, և չեմ կարող ասել՝ ինչու: Իսկ Ձեր հարցին պատասխան չեմ կարող տալ, որովհետև ինձ թվում է, որ մենք դեռ բավարար ենք մենք մեզանով, իսկ եթե պետական աջակցության կարիք զգանք, անպայման կդիմենք», - պատասխանեց Արևշատյանը:
Ինչպես հաղորդվում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հարցերը, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մոտակա շաբաթներին կներկայացնի ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը: Խումբն, ի դեպ, ղեկավարելու է Աննա Հակոբյանը։
Այս թեմայով «Ազատությունը» փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի կնոջից։ Աննա Հակոբյանի գրասենյակից փոխանցեցին, որ հարցին կարձագանքեն մոտ օրերս։