Մատչելիության հղումներ

Քաղաքացիներն արգելափակել են Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի մուտքերը


Գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։

Նրանք պնդում են՝ նոր Հայաստանում Արթուր Դավթյանն ու Սերժ Սարգսյանի մյուս թիմակիցները չպետք է կարևոր պաշտոններ զբաղեցնեն:

«Գնացեք, դատախազին ասեք, թող գա պատասխան տա իրա գործողությունների համար», - պահանջում էին ցուցարարները մուտքը հսկող իրավապահներից։

Բողոքի ակցիայի մասնակիցներին զայրացրել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Նրանք պնդում էին, թե իրենց արարքը Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ չէ․ - «Նորանշանակ վարչապետը երբ որ հայտարարում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, ու ինչ-որ նրան ենթակա անձ ենթադրում է, որ ինքը էնքան խելացի, էնքան գիտակից ա, որ ինքն ա որոշում, ոտնահարում է կրկին իրականությունը, ասում ա, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, սա հիմք ա մեզ տալիս, որ էն կառույցը, որը էստեղ տարիներ շարունակ գործել է ապօրինի, ժողովրդական էս զարթոնքից հետո նորից գործում է ապօրինի»:

Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի բոլոր մուտքերի արգելափակման պատճառով աշխատակիցները չէին կարողանում մուտք գործել աշխատավայրեր։

Ասում էին, թե ցուցարարների բողոքելու ձևը սխալ է․ - «Մարդկանց աշխատանքից զրկելը ձև չի: Փորձում են խոչընդոտել բոլոր աշխատակիցների աշխատանքի ներկայանալու իրավունքը»:

«Տասնյակ մարդիկ կալանքի տակ սպասում են մեր որոշումներին: Դե թող սպասեն: Արեք ձեր միտինգը, ձեր իրավունքն է, բայց ազատ ելք ու մուտք լինի: Երկրի վարչապետը բազմիցս ասել է, որ որևէ ազդեցություն չպիտի լինի, որևէ կազմակերպության դռները փակել չի կարելի», - հավելեց աշխատակիցներից մեկը:

Գլխավոր դատախազության ծառայողական մուտքի մոտ պառկել էր ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նա ասաց, որ դեմ է թե՛ Արթուր Դավթյանի, և թե՛ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնավարմանը․ - «Դատախազը նախ հանրային կարծիքը հաշվի չի առնում: Որովհետև մենք՝ հանրությունը, քաղաքացիական հասարակությունը և իրեն ներկայացնող իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը: Դատախազը չի կարող հաշվի չնստել նրանց հետ»:

Ի վերջո, Գլխավոր դատախազության ծառայողական մուտքից որոշ աշխատակիցներ կարողացան ներս անցնել։ Նրանց օգնեցին ներսում գտնվող գործընկերները։

Ավելի ուշ Վճռաբեկ դատարանի շենքի առջև հավաքվեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի աջակիցները՝ պահանջելով ազատ արձակել նրան և մյուս բոլոր, իրենց բնորոշմամբ, քաղբանտարկյալներին։

Վերջերս ձևավորված «Քաղբանտարկյալների պաշտպանության» խմբի ներկայացուցիչ, Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը երաշխավորագիր են ուղարկել Վճռաբեկ դատարանի նախագահին՝ խնդրելով կալանքից ազատ արձակել 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ընդհանուր իրավասության դատարանը ղարաբաղցի նախկին զինվորականին մեղավոր էր ճանաչել՝ վճռելով, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը: Որևէ մեկը դատարանում Բաբայանի դեմ ցուցմունք չէր տվել։

Բաբայանը մեղավոր էր ճանաչվել նաև այն բանի համար, որ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Այնինչ նա պնդել է, որ ռուսաստանաբնակ ընկերոջից պարտքն է ստացել:

«Ազատության» դիտարկմանը, որ օրեր առաջ բանտից նամակ է գրել «Արժեքների հեղափոխության» գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն ու կոչ արել դադարեցնել անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը, և ամիս 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր Կառավարությանը՝ կուտակված խնդիրների լուծման համար, Թևանյանն արձագանքեց․ - «Էս գործողությունները աջակցություն են նոր Կառավարությանը: Մեր պահանջը ոչ թե Կառավարությունից է, մեր պահանջը Վճռաբեկ դատարանից է, որը, մեր կարծիքով, ձգձգում է որոշման ընդունումը»:

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը պնդեց՝ Ղարաբազի նախկին պաշտոնյան քաղբանտարկյալ է․ - «Իհարկե քաղբանտարկյալ է: Այս գործը առաջացավ այն ժամանակ, երբ ընտրություննների մի քանի օր էր մնացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG