Ըստ հետազոտության, 2017-ի ընթացքում պետգնումների վրա ծախսված 7.8 միլիարդ դրամի շուրջ կեսը բաժին է հասել տասը կազմակերպությունների․ - «Երբ որ կա փոքր արժեքով մրցույթ, այստեղ կարելի է ակնկալել մրցակցություն, հենց մի քիչ տորթի արժեքը բարձրանում ա, հստակ էդ նույն խաղացողներն են, որոնք շահում եմ այս մրցույթը: Սրանցից համարյա ութը նույնիսկ Ֆեյսբուքում ներկայացվածություն չունի: Այսինքն, պատկերացրեք, մարդիկ գալիս են 700 միլիոն դրամներով պատվերներ են հաղթում, բայց նույնիսկ Ֆեյսբուքի միջավայրում, էլ չեմ խոսում կայքի մասին, նրանց մասին տեղեկություններ չկան», - ասաց հավելեց տնտեսագետը:
«Երևանի քաղաքապետարանի գնումներում կոռուպցիոն ռիսկերը բացառվում են», - վստահեցնում է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Նրա պնդմամբ՝ ցանկության դեպքում էլ իրենք չեն կարող միջամտել գնումների գործընթացին․ - «Քաղաքապետարանի որևէ աշխատող, որ շատ մեծ ցանկություն էլ ունենա ինչ-որ մեկին աջակցի, ուղղակի դա տեխնիկապես հնարավոր չի, որովհետև մրցութային գործընթացն իրականացվում է հստակ սահմանափակված ծրագրային համակարգով»:
Արտակ Մանուկյանի գլխավորած «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության իրականացրած ուսումնասիրության համաձայն, Երևանի քաղաքապետարանի ամենախոշոր գնումներում հաղթող տասը կազմակերպություններից ութը ծառայություններ են մատուցում բացառապես միայն քաղաքապետարանին:
«Դավիթշին», «Նարիմանյան», «Սահակյանշին» ու խոշոր պատվերներ ստացող մյուս յոթ կազմակերպությունների սեփականատերերի հարցը ևս, ըստ Մանուկյանի, կասկածների տեղիք է տալիս․ - «Այս տասի շատ հիմնադիրների մասնակցությունը դադարեցված է: Բայց հարց է առաջանում․ լավ, որ մասնակցությունը դադարեցվել է, առաջինը՝ ի՞նչ հիմքերով, դա պարզ չի, և երկրորդը, ով ա էն սեփականատերը, որը որ գրանցված ա»:
«Խոշոր պատվերներ ստացող կազմակերպությունների մի մասը համայնքային է ու այլ կառույցներին ծառայություն մատուցել չեն էլ կարող», - պարզաբանում է փոխքաղաքապետը: Իսկ սեփականատերերին ստուգելու գործառույթ իրենք չունեն․ - «Մեզ չի էլ հետաքրքրում, ճիշտն ասած, թե սեփականատերերը ովքեր են, որովհետև նախ նման պահանջ չկա, երկրորդն էլ՝ սեփականատերերի ով լինելը մեզ բացարձակ ոչ օգնում, ոչ խանգարում ա գործընթացին»:
Այսօր հրապարակված հետազոտության համաձայն, 7.8 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով գնումներից քաղաքապետարանն ամենաշատ միջոցներն ուղղել է շինարարության, աղբահանության ու այլ ծառայությունների, մեքենաների ու հուշանվերների ծախսերի վրա: Չնայած, որ բոլոր գնումներում հաղթել է 276 կազմակերպություն, այդուհանդերձ գնումների գումարի 85 տոկոսը բաշխվել է 50 կազմակերպությունների միջև: Բացի այդ, մշտադիտարկումը վերհանել է ևս 42 կազմակերպություններ, որոնց հետ իրականացված գնումները գնահատվել են ռիսկային:
«Երևի մոտ 80 տոկոսը դուք սրա հետևում կտեսնեք անուղղակիորեն փոխկապակցված կամ ԶԼՄ-ների նույնիսկ ասածներով, որ նախկինում բարձրաձայնվել են, ինչ-որ կապեր», - նշեց տնտեսագետը՝ շարունակելով․ - «Հյուրասիրության ծառայությունները, հուշանվերներ են առել: Ռիսկային ուղղություն ա․․․ Մի հատ էլ որոնում ես տալիս, տեսնում ես, որ իրա հետևը կանգնած ա քաղաքապետարանի [աշխատակցի] ենթադրենք կնոջ ստեղծած ֆիրման և այլն: Իհարկե ռիսկային ա»:
«Մեկ անձի ընթացակարգով՝ առանց բաց մրցույթի, քաղաքապետարանը գնում իրականացրել է հազվադեպ, միայն ներկայացուցչական ծառայությունների դեպքում», - վստահեցնում է փոխքաղաքապետ Նիկոյանը: Նա նաև խնդիր չի տեսնում, եթե, օրինակ, քաղաքապետարանի աշխատակցի ընտանիքի անդամին պատկանող ընկերությունը ծառայություն մատուցի քաղաքապետարանին․ - «Ես, անկեղծ ասած, չեմ բացառում, որևէ մեկը որևէ մեկի հետ փոխկապակցված լինել, առավել ևս էն պարագայում, երբ որ գնումների դաշտը ազատ ա, և մենակ քաղաքապետարանի գնումները չի: Յուրաքանչյուր գրանցված կազմակերպություն կարող է մասնակցել բոլոր տիպի գնումներին: Մենք մի բան պիտի հստակ պատկերացնենք․ եթե ակնհայտ կա թափանցիկ գնումների դաշտ, և յուրաքանչյուրն իրավունք ունի մասնակցի, մենք պիտի հստակ նայե՞նք որի սեփականատերն ով ա, ի՞նչ անենք, միջամտենք չմասնակցե՞ն․․․ Եթե մենք չենք կարա որևէ գործառույթ իրականացնել՝ օգնելու կամ չօգնելու, ապա ինչո՞ւմ ա խնդիրը ով ում հետ ա փոխկապակցված: Եթե դա իրականացվել է մրցույթով և [շահողը] ամենացածր գին առաջարկողն է, և դա իրականացվել է էլեկտրոնային մրցույթով, ես ինքս որևէ խնդիր չեմ տեսնում»: