Մատչելիության հղումներ

Լոռու Պուշկինո գյուղի բնակիչները պահանջում են «քավության նոխազ» չդարձնել անտառապահին


Հայաստան - Պուշկինո գյուղի բնակիչների բողոքի ակցիան, 19-ը մայիսի, 2018թ․
Հայաստան - Պուշկինո գյուղի բնակիչների բողոքի ակցիան, 19-ը մայիսի, 2018թ․

Լոռու մարզի Պուշկինո գյուղում բնակիչներն ըմբոստացել են:

Ուրբաթ օրը գյուղին հարակից անտառներում Բնապահպանական պետական տեսչությունը Քննչական կոմիտեի քննիչների հետ ստուգումներ է սկսել։ Իրավապահների ու տեսչության աշխատակիցների անտառ մտնելուց հետո գյուլագարակցի անտառապահ Վահան Դոխոլյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Բնակիչներն արդեն երկու օր է հավաքվում են գյուղամիջում՝ պահանջելով ընդամենը հինգ ամիս առաջ աշխատանքի անցած անտառապահին «քավության նոխազ» չդարձնել։ «Անտառում ապօրինի հատումների մեղավորները բոլորս ենք», - ասում են Պուշկինոյի բնակիչները։

«Ժամանակին իրանք են արել՝ հմի էլ մենք ենք անում մեր տների հմա: Իրանք մատերիալ են տարել ծախել՝ փող են աշխատել, էսօր փողի վրա են նստած, իսկ մենք էլ գողանում ենք՝ մեր էրեխեքին տաքացնենք, բա ինչ անենք, ասա», - հայտարարեց գյուղացիներից մեկը:

«Սաղ, այ ստեղ սքամ մարդ կա՝ տարել ա իրա էրեխուն անչափահաս, սաղի տանն էլ էրեխա կա՝ չորսից հինգ հատ», - ասաց մեկ այլ տղամարդ:

«Ես որ կինարմատ եմ՝ ես էլ եմ արել, այո, ես որ կինարմատ եմ՝ մտել եմ անտառ և կտրել եմ, որը ուժս պատել ա՝ կտրել տարել եմ իմ քորփեքին պահելու համար», - ասաց մի կին, որին երկրորդեցին մյուս կանայք:

Բնակիչները ցույց են տալիս անտառտնտեսության կողմից տրամադրված անտառհատման գրավոր թույլտվություններն ու պնդում՝ դրանք մեծ դժվարություններով են հասնում իրենց. ստիպված են լինում անտառտնտեսության աշխատակիցների հետ գնալ գործարքների կամ անտառագողություն անել։

Բնապահպանական պետական տեսչության լրատվական ծառայությունից «Ազատությանն» ասացին, որ դեռ անցած տարի Հայաստանի 10 անտառտնտեսություններում ապօրինի անտառհատումների փաստերով քրեական գործեր են հարուցվել, որոնց շրջանակներում ստուգումներ են իրականացվում։ Ըստ տեսչական մարմնի, Պուշկինոյում ևս ստուգումներն արվում են «Քննչական կոմիտեի դիմումի հիման վրա»։ «Ազատություն»-ը տեղեկացավ նաև, որ դրանք դեռ ավարտված չեն, և նախատեսում են շարունակել երկուշաբթի օրը։

Մինչդեռ գյուղացիները շեշտում են՝ ապօրինի անտառհատման իրական մեղավորներն ավելի վերին օղակներում են։

Ընդամենը 30 տոկոսով գազաֆիկացված գյուղի բնակիչները մատնացույց են անում նախկինում լայն թափով իրականացված անտառհատումները, որոնց համար տարիներ առաջ անգամ անտառտնտեսության բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատազրկվել։

Միևնույն է, քանի դեռ լուծված չեն սոցիալական խնդիրները, Պուշկինոյի և հարակից գյուղերի բնակիչները դառնալու են անտառագողեր, ասում են գյուղացիները․ - «Թող ժողովուրդը գազ վառեն, լույսից օգտվեն, գազից օգտվեն: Չկա՛, էսքան ժողովրդի մեջից երևի ման գանք, կարող ա մանրադիտակով ման գանք, որ մի հոգի գտնենք պետական աշխատող, այսինքն՝ որ սիմվոլիկ գումար ունի, ամսվա վերջին ինքը ստանա էդ գումարը, չկա՛»:

«Մենք չենք հանգստանալու՝ միշտ էլ մտնելու ենք, միշտ էլ կտրելու ենք, թեկուզ տղամարդիկ էլ չմտնեն՝ կնանիքը սաղ, բոլորը միասին մտնելու են, կտրելու են, իմ էրեխեքն էլ, բոլորի երեխաներն էլ տաքանալու են», - հայտարարեց գյուղի մի բնակչուհի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG