Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ, ի՞նչ կոնկրետ քայլեր է պատրաստվում ձեռնարկել վարչապետի հանձնարարությունը կատարելու համար, ասաց, որ գործողություններ են իրականացնում երկրում նախկինում կատարված հանցագործությունների, կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։
Շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով, հայտարարեց Վանեցյանը՝ ավելացնելով, որ այդ միջոցով պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։
Ինչպես նշեց Վանեցյանը, Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։
ԱԱԾ ղեկավարն ասաց, որ ինքը կողմ է, որպեսզի կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից առգրավվեն պետությունից գողացված միջոցները և վերադարձվեն պետական բյուջե։ Այդ միջոցներից կարող են պարգևատրվել կոռուպցիայի դեմ պաքար մղող ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները։ Նրանց աշխատավարձերը այդ միջոցների հաշվին կարող են բարձրացվել արդեն հաջորդ տարի, իսկ այս տարի հնարավոր են միայն պարգևատրումներ։
Հարցին՝ ա՞յս տարի են լինելու կոռուպցիոն բացահայտումները, թե՞ հաջորդ տարի, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ այս ամիս, երբ ինքը վերադառնա Սանկտ Պետերբուրգից, արդեն կլինեն բացահայտումներ, կհրապարակվեն անուններ։
Արթուր Վանեցյանը հերքեց նաև այս օրերին շրջանառվող լուրերը, թե Հայաստան են ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ:
«Ազատության» հարցին՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի մայիսի 1-ի քվեարկությունը խորհրդարանում արտացոլո՞ւմ է արդյոք ծառայության բարձրաստիճան սպայակազմի դիրքորոշումը, Վանեցյանը բացասական պատասխան տվեց: Նա քանիցս շեշտեց, որ իրենց կառույցը քաղաքականապես չեզոք է: Միաժամանակ, ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ ընդունվել է ԱԱԾ համակարգ Ցոլակյանի երաշխավորագրով:
Հիշեցնենք, Ֆելիքս Ցոլակյանը Հանրապետական խմբակցությունից միակն էր, ով մայիսի 1-ին Ազգային ժողովում Հայաստանի վարչապետի ընտրության ժամանակ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին: Նա իր ֆեյսբուքյան էջում պարզաբանեց, որ քվեարկել է ժողովրդի թեկնածուի օգտին՝ իր խղճի թելադրանքով: