Իրանը հայտարարել է, թե կարող է վերսկսել ուրանի հարստացումը, եթե 2015 թվականին միջուկային գործարքը ստորագրած եվրոպական երկրները չկարողանան պահպանել համաձայնագիրը` դրանից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո:
«Եթե գործարքի մյուս կողմերը չդրժեն իրենց խոստումը, մենք էլ մերը կպահենք», - հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը, հավելելով` Թեհրանը դեռ մի քանի շաբաթ էլ կսպասի:
Հայտարարությունը հնչել է Եվրամիության էներգետիկայի գծով հանձնակատարի` Թեհրան կատարած այցի ժամանակ, ով վստահեցրել է, թե եվրոպական ընտանիքը հանձնառու է պահպանել երեք տարի առաջ կնքված համաձայնագրի պայմանները:
Հիշեցնենք՝ միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մայիսի 8-ին: