Համաժողովրդական շարժումը առաջնորդող Փաշինյանը իշխանափոխությունն այսպես էր պատկերացնում՝ խորհրդարանը պետք է ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։
Թե երբ են ծրագրում, արդեն վարչապետ Փաշինյանը հստակ պատասխան չի տալիս՝ ասելով, թե կքննարկեն: Սակայն կարծում է, որ ընտրությունները տեղի կունենան այս տարի։
Առաջիկա շաբաթներին Նիկոլ Փաշինյանը խորհրդարան պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը, որի հաստատվելու դեպքում խորհրդարանն առնվազն մեկ տարի չի կարող Փաշինյանին անվստահություն հայտնել։ Ըստ Սահմանադրության, այդ ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ։
Ալեն Սիմոնյանի խոսքով, մինչև արտահերթ ընտրությունները պետք է փոփոխել Ընտրական օրենսգիրքը, հրաժարվել այսպես կոչված ռեյտինգային համակարգից․ - «Կարևոր է նաև ընտրությունները կազմակերպել այնպիսի ձևով, որ որևիցե մեկի մոտ, անկախ նրանից, թե ինչ արդյունք կգրանցի, կասկած չլինի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Եվ այո, դրա համար ժամանակ է պետք: Բայց միևնույն ժամանակ մենք ստանձնել ենք պարտավորություն, որ ընտրությունները մաքսիմալ արագ են տեղի ունենալու»:
«Հանրապետականում վերջնական ձևավորված կարծիք չկա՝ կո՞ղմ են, թե՞ դեմ արտահերթ ընտրություններին», - պնդեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նման հարց գործադիր մարմնում չեն քննարկել։
Այդուհանդերձ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետականի տարբեր ներկայացուցիչներ այս օրերին արտահայտում են իրենց կարծիքները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում:
Արտահերթի ճանապարհին մեծամասնություն ունեցող, բայց իրեն ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ն կարո՞ղ է տապալել ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Շարմազանովը չի շտապում ցրել մտավախությունը․ - «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի ընտրական օրենսդրություն կլինի: Ընտրական օրենսդրությունը պետք է լինի բոլոր քաղաքական ուժերի և պառլամենտական ուժերի միասնական քննարկման արդյունքում, քաղաքացիական հասարակության և միջազգային փորձաքննություն անցած: Ծնկան վրա Ընտրական օրենսգիրք չպետք է բարեփոխվի․ պետք է հաշվի առնենք բոլորի շահերը, այդ թվում՝ նաև մեր շահերը: Եթե ես իմ շահերը չկարողանամ պաշտպանել, վաղը ես ձեր շահերը չեմ կարողանա պաշտպանել»:
«Չկա նման փաստաթուղթ, որը մենք պատրաստ չենք քննարկել», - շարունակեց նա: - «Դեմն ու կողմը կերևա քննարկումների արդյունքում»:
Հարցին, թե մտավախություն չունեն արդյոք, որ, ենթադրենք, արտահերթ խորհրդարանական ընտրությունները աշնանը անցկացնելու դեպքում, Հանրապետականը չհայտնվի խորհրդարանում, Շարմազանովն արձագանքեց․ - «Մենք մտավախություններով չենք առաջնորդվում, մենք դեռևս մեր հանդիպումները չենք սկսել մեր կուսակցական կառույցների հետ: Երբ որ կգնանք, կսկսենք, կաշխատենք, կունենանք Կառավարության ծրագիրը՝ հաստաված կամ ոչ, այն ժամանակ կխոսենք»:
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ալեն Սիմոնյանն ասում է, թե քանի դեռ ժողովուրդը սատարում է իրենց ծրագրերին, մտավախություն չունեն, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կարող են խորհրդարանում տապալվել․ - «Ժողովրդի կամարատահայտության պարագայում թե՛ «Ելք» խմբակցությունը, թե՛ Հանրապետականը ուղղակի ետ պետք է քաշվեն: Եվ ետ կքաշվեն, և կլինի այն, ինչ կցանկանա ժողովուրդը: Իսկ այսօր ակնհայտ է, որ ժողովրդի ձայնը, ժողովրդի պատկերը Ազգային ժողովում չկա: Եվ Ազգային ժողովը չի ներկայացնում այն քաղաքական իրողությունը, որը գոյություն ունի: Եվ դրա հետ հաշվի չնստել ուղղակի հնարավոր չի լինի, և վստահ եմ, որ մենք կունենաք նորմալ կազմակերպված Ազգային ժողովի ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, ինչպես նաև նորմալ Ընտրական օրենսգիրք, որը վստահություն կվայելի ժողովրդի մոտ»:
Սիմոնյանը վստահեցրեց․ - «Միգուցե նոր ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունն ընդհանրապես ներկայացված չլինի, կամ մի քանի տոկոս ավել ձայն հավաքի: Բայց դա նույնպես կորոշի ժողովուրդը: Իսկ մենք կապահովենք Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր ձայն, որը որ ընտրատեղամասում կլինի»: