Մատչելիության հղումներ

Մի խումբ ցուցարարներ պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին, բոլոր «քաղբանտարկյալներին»


Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրեցին Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի առջև:

Վերջերս ձևավորված «Քաղբանտարկյալների պաշտպանության» խմբի ներկայացուցիչ, Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյան հայտարարեց, որ իրենք պահանջում են արդարացնել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին և ազատ արձակվել բոլոր, իր բնորոշմամբ, քաղբանտարկյալներին․ - «Արտահերթ ընտրությունները, առանց քաղբանտարկյալների ազատ արձակման, չեն կարող համարվել լեգիտիմ, որովհետև այս մարդիկ նախորդ ռեժիմի համար, լինենք անկեղծ, շատ ավելի վտանգավոր են համարվել, քան մենք բոլորս, որ մնացել ենք ազատության մեջ՝ լինի դա քաղաքական գործիչ, քաղաքացիական ակտիվիստ կամ սովորական քաղաքացի: Եթե մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, իսկ դա քաղաքական պահանջ է և հասարակական տրամադրությունների պահանջ է, մենք, առանց քաղբանտարկյալների ազատ արձակելու, չենք կարող լեգիտիմ համարել այդ ընտրությունները: Եվ ես կարծում եմ, նոր կառավարությունը դա շատ լավ հասկանում է: Շատ լավ հասկանում է նաև Հանրապետականը, դրա համար էլ փորձում է ամեն ինչ անել, որ քաղբանտարկյալների հարցը երկար ձգվի»:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ընդհանուր իրավասության դատարանը ղարաբաղցի նախկին զինվորականին մեղավոր էր ճանաչել՝ վճռելով, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը: Որևէ մեկը դատարանում Բաբայանի դեմ ցուցմունք չէր տվել։

Բաբայանը մեղավոր էր ճանաչվել նաև, որ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Այնինչ նա պնդել է, որ ռուսաստանաբնակ ընկերոջից պարտքն է ստացել:

Այս տարվա փերտվարին վերաքննիչ ատյանը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը:

Ակցիան նախաձեռնած Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ իրենց բողոքը ոչ թե նոր Կառավարության դեմ է, այլ Գլխավոր դատախազի և Վճռաբեկ դատարանի, և որ իրենց պահանջները ներկայացնում են հենց այս մարմիններին․ - «Մենք ունենք իշխանություն, որը ունի գլուխ, բայց չունի մարմին: Այն առումով, որ Ազգային ժողովում դեռ իրավիճակը փոխված չէ, դատական համակարգը ամբողջությամբ դեռ գտնվում է նախկին ռեժիմի ազդեցության տակ և դատախազությունը դարձել է այն միջնորդ գործիքը, որը ազդում է դատավորների վրա: Մենք պետք է հասկանանք, որ երբ ասում են Կառավարության գործունեությունը սաբոտաժի ենթարկել, այդ սաբոտաժի ենթարկելու գործիքներից մեկն էլ այն է, երբ Գլխավոր դատախազը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»:

Թևանյանը հիշեցրեց, որ Բաբայանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը եռամյսա ժամկետում պետք է որոշում կայացնի գործը վարույթ ընդունելու մասին։ Եվ չնայած երեք ամիսը չի լրացել, իրենք շարունակում են պնդել, որ Բաբայանը օր առաջ պետք է արդարացվի և ազատ արձակվի բանտից, քանի որ երկրում քաղաքական իրադրություն է փոփոխվել․ - «Սամվել Բաբայանը համաներման տակ չի կարող ընկնել այն պարզ պատճառով, որ իր մասով հայցադիմումը ներկայացված է արդարացման պահանջով: Համաներումը նշանակում է, որ իրենք կատարել են հանցագործություն, ուղղակի ներման տակ են ընկնում: Դրանք տարբեր ինստիտուտներ են»:

Բողոքի ակցիայի մասնակից, Սամվել Բաբայանի ընկերը՝ Արմեն Չիլինգարյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օր առաջ ազատ արձակելու Բաբայանին և քաղբանտարկյալներին․ - «Ուղղակի խնդրում ենք մեր Կառավարությանը, մեր նորընտիր վարչապետին, որպեսզի այս հարցին լուծում տա»:

Ցուցարարները պարբերաբար հորդորում էին դատախազության աշխատակիցներին չվախենալ արդեն նախկին իշխանավորներից և ինքնուրույն որոշում կայացնել․ - «Ես նորից կոչ եմ անուն Գլխավոր դատախազին՝ մի դառեք Սերժ Սարգսյանի խամաճիկը: Չկա Սերժ Սարգսյանը, նա արդեն գնացել է»:

Գլխավոր դատախազությունից ցուցարարները շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենքը, որտեղ օրեր շարունակ բողոքի ակցիա է անում ակտիվիստ Վարդգես Գասպարին։

«Ազատության» հետ զրույցում Գասպարին ասաց․ - «Արդարադատության համակարգի ամբողջ արատները իրականացվում են, ըստ էության, Վճռաբեկ դատարանի նախագահի միջոցով: Բոլոր նախկին հարհանգները Բաղրամյան 26-ից եկել են Վճռաբեկ դատարան, այնուհետև հանձնարարականներ են տրվել դատավորներին»:

Վճռաբեկ դատարանի շենքի առջև բողոքի ակցիայի ընթացքում նախ ցուցարարներին մոտեցավ դատարանի քրեական գրասենյակի պետ Արմեն Հարությունյանը, ապա՝ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը։ Երկուսն էլ պնդեցին, թե դատարանը որոշումը պիտի կայացնի եռամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետը դեռ չի լրացել։

Արմեն Հարությունյանի խոսքով՝ գործն ընթացքի մեջ է․ - «Կարող ա վաղը լինի, կարող ա երրորդ ամսվա մեջ լինի: Դա պալատն ա որոշում»:

Իսկ Սերժիկ Ավետիսյանը հիշեցրեց նոր կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որ ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում․ - «Նոր վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանը ը Արդարադատության նախարար, պարոն Արտակ Զեյնալյանը ընթացող հայտնի գործերի վերաբերյալ և առհասարակ բազմիցս ասել են, որ բոլոր պատասխանները պիտի լինեն միմիայն օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում․․․ Ո՛չ ձեր ասածն է դրանից դուրս, ո՛չ էլ մեր ասածն է դրանից դուրս»:

Ցուցարարները Բաբայանին եւ մյուսներին օր առաջ ազատ արձակելու խոստում չստանալով՝ հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաները մինչև իրենց պահանջը կատարվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG