Հարկային, մաքսային համակարգերի բարեփոխումները բավարար չեն, ու անհրաժեշտ է դրանք նոր թափով շարունակել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ)՝ կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին աշխատակազմին ներկայացնելիս:
Վարչապետի կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք է լուծել: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը: Այս երկու սահմանների միջև ընկած տարածքում է, պարո՛ն Անանյան, որ ես ակնկալում եմ արդյունավետ գործունեություն: Կարծում եմ, որ հենց պետական եկամուտների կոմիտեի, մաքսային և հարկային մարմինների գործունեությունից է մեծապես կախված՝ արդյոք վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում կուտակված դրական էներգիան մենք կկարողանանք տրանսֆորմացնել կոնկրետ տնտեսական արդյունքների, թե՝ ոչ», - ասել է Փաշինյանը:
«Այն, ինչ ունենք այսօր, պակասել է մեզ երկար տարիներ», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Դա լավատեսությունն է, վստահությունն է ապագայի նկատմամբ: Վստահությունն է, որ մենք կունենանք լրջագույն տնտեսական զարգացում և որակական նոր մակարդակի կբարձրացնենք մեր երկիրն ու պետությունը»:
Այդ խնդիրների իրագործման ապահովումը, ըստ Փաշինյանի, մեծապես կախված է հարկային և մաքսային մարմինների գործունեությունից:
Վարչապետի խոսքով՝ ՊԵԿ-ի նորանշանակ նախագահից ակնկալում է արագ և լուրջ արդյունքներ ոլորտում, որոնք տեսանելի և շոշափելի կլինեն քաղաքացիների համար:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը և նշել, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անել: «Մենք մի ժամանակում ենք, երբ անհնարինը դառնում է իրականություն, հետևաբար բոլոր ուղղություններով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի առումով մենք պետք է խնդիրը դարձնենք իրականություն ու դրա հետ կապված որևէ կասկած չպետք է լինի: Նոր ժամանակներն իրենց հետ պետք է բերեն նոր կանոններ, և ես հույս ունեմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, հետևողականություն և հմտություն՝ այդ մարտահրավերներին արձագանքելու համար», - ասել է վարչապետը:
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ համակարգի առջև դրված խնդիրները կլուծվեն՝ ի շահ երկրի հաջողության և բարօրության:
ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և վստահեցրել, որ կարվի հնարավորը՝ համակարգում ներդրված առաջադեմ մտքերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: «Այս նոր իրողությունների շրջանակում վստահեցնում եմ, պարո՛ն վարչապետ, որ մենք կկատարենք այն առաջադրանքները, որոնք երկրի կառավարությունը կդնի մեր առջև», - Դավիթ Անանյանը: