Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում երեկ թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտալացվել է:
Վերջիններս անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Ըստ նախարարության, այսօր կլինեն դուրսգրումներ:
Երեկ ժամը 22։00-ի դրությամբ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ 64 աշխատակից դիմել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններ։
Ըստ առողջապահության նախարարության, հիվանդները գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից:
«Նախնական վարկածով գործ ունենք սննդային թունավորման հետ: Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ հավի մսով: Նույն սնունդն օգտագործել է կազմակերպության 200-ից ավելի աշխատակից», - ասված էր նախարարության երեկվա հաղորդագրությունում: