Իսրայելցի պատգամավորները վերստին Կնեսետ են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Թուրքիայի հետ օր-օրի սրվող հարաբերությունների ֆոնին: Jerusalem Post-ի հաղորդմամբ` ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» կուսակցության պատգամավոր Իթզիկ Շմուլին և վարչապետ Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցության անդամ Ամիր Օհանան պատրաստվում են Կնեսետի օրակարգ մտցնել նոր օրինագիծ, որն ընդունելու դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած երեսուներորդ երկիրը:
Իսրայելական թերթերը փաստում են, որ պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, կրկին հիշել են այս մասին՝ Թուրքիայի հետ սկսված նոր դիվանագիտական ճգնաժամից հետո:
Շաբաթվա սկզբին՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո, արյունալի բախումներ էին սկսվել Գազայի հատվածում. շուրջ վեց տասնյակ պաղեստինցի զոհվել էր, հարյուրավորները՝ վիրավորվել, ինչից հետո պաշտոնական Անկարան ցեղասպանության մեջ էր մեղադրել Իսրայելի իշխանություններին:
«Անշուշտ, որևէ մեկը չի կարող մրցել Էրդողանի հետ ահաբեկչության ու կոտորածների մասին գիտելիքներով», - ի պատասխան հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ հավելելով․ - «Կարծում եմ՝ նա չէ, որ պետք է մեզ բարոյականություն քարոզի»:
Երկու առաջնորդների փոխադարձ այս վիրավորանքներից հետո իսրայելցի պատգամավորները հայտարարել են, թե եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատեհ պահը, քանի որ մինչ այս Իսրայելը չէր գնում այդ քայլին՝ Անկարայի հետ հարաբերությունները չվնասելու համար:
«Մենք չենք հանդուրժի, որ Թուրքիայի հակասեմիտ մսագործը, որի երկիրը պատասխանատու է հայերի ցեղասպանության համար, հիմա մեզ բարոյականության դասեր տա», - ասել է օրինագծի համահեղինակ Շմուլին:
Նրա գործընկեր Ամիր Օհանան էլ հիշեցրել է Հիտլերի հայտնի խոսքերը՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին», ընդգծելով․ - «Հենց միայն այս պատճառով մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք Հայոց ցեղասպանությունը»:
Այսօրինակ հայտարարություններ Կնեսետում առաջին անգամ չեն հնչում: Ընդդիմությունն ամիսներ առաջ՝ փետրվարին դեռ, քվեարկության էր դրել հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, խորհրդարանը, սակայն, մերժել էր՝ արտգործնախարարության բացասական արձագանքից հետո:
Այս անգամ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել է հրապարակավ արձագանքել: Դիվանագիտական աղբյուրները, սակայն, Jerusalem Post-ին ասել են, որ իրավիճակը շատ նուրբ է և խրթին, և որ ի վերջո ցեղասպանության ճանաչման հարցը վարչապետի մակարդակով է որոշվելու:
Ինքը Նեթանյահուն այս մասին դեռ չի խոսել, սակայն նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներից մեկը՝ զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինը, իսրայելական ռադիոընկերություններից մեկին ասել է. - «Չեմ կարծում, որ սա ճիշտ ճանապարհ է, եթե մենք ուզում ենք նման որոշում կայացնել, պետք է բուն հարցը քննենք, ոչ թե գնանք դրան՝ Թուրքիային պատժելու համար: Դա հարգալից վերաբերմունք չէ այս հարցի հանդեպ»: