Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից և դատարանի առաջ կանգնել:
Անկարայի հանրապետական դատախազությունը Փայլանի նկատմամբ հետաքննություն է սկսել թուրքական Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով՝ 299-րդ՝ հանրապետության նախագահին վիրավորելը, և 301-րդ՝ Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարակայնորեն նվաստացնելը:
«Ակօս» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտոր Այգյուն Աթարը 2017 թվականի մայիսի 16-ին հայց էր ներկայացրել Գարո Փայլանի դեմ՝ պահանջելով նրան պատասխանատվության ենթարկել 2017 թվականի փետրվարի 14-ին Ազգային մեծ ժողովում հնչեցրած ելույթի և 2017-ի մայիսի 1-ին Կանադայի հայկական Horizon Weekly շաբաթաթերթին տված հարցազրույցի ընթացքում արած արտահայտությունների, մասնավորապես՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելու համար:
Դատախազությունը, քննելով Աթարի հայցը, դիմել էր արդարադատության նախարարություն՝ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով: Արդյունքում արդարադատության նախարարությունը բավարարել էր դիմումը՝ գտնելով, որ Փայլանի հնչեցրած արտահայտությունները բավարար հիմք են հիշյալ հոդվածներով գործին ընթացք տալու համար:
Գարո Փայլանը, «Ակօս»-ի հետ զրույցում մեկնաբանելով իրեն հասցեագրված մեղադրանքները, նշել է, թե հայ ժողովրդի վերապրած ողբերգությունը միշտ էլ ցեղասպանություն է անվանել և, իբրև պատգամավոր հարցը բարձրացնելով խորհրդարանում, պահանջել է արժանի գնահատական տալ այդ ոճրին։ Նա պնդել է, որ իր ելույթների թիրախում ոչ թե թուրք ժողովուրդն է, այլ այն ժամանակվա ցեղասպան խունտան:
Փայլանը ընդգծել է՝ թուրքական կառավարության թողտվությամբ իր դեմ սկսված գործընթացը չի կարող իրեն կանգնեցնել, շարունակելու է պայքարել անցյալում պատահած և ներկայում տեղի ունեցող անարդարությունների դեմ։
Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով տարիներ առաջ դատական հետապնդման են ենթարկվել «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը, նշանավոր գրողներ Էլիֆ Շաֆաքը, Օրհան Փամուքը և այլք: