Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանձնարարեց արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարական տվեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին, ցուցարարների ավտոմեքենաները ջարդողներին: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց Հերացի փողոցում ուսանողների վրա հարձակումը:

«Հարձակման տեսարանը համացանցում լայնորեն տարածված է, և հիմա պարզվում է, որ գործ է հարուցվել կամ չի հարուցվել և արդյունքում՝ կարճվել է: Ես կարծում եմ, որ մենք այս գործելակերպին ընդհանրապես պետք է վերջ տանք, երբ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն: Մենք խոսում ենք օրինականության հաստատման մասին, պարո՛ն Օսիպյան, և ես իրավապահ մյուս մարմիննեի ներկայացուցիչներին եմ դիմում՝ մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ մենք գնում ենք այդ ճանապարհով: Այսօր այդպիսի հստակ ուղերձներ, ցավոք սրտի, դեռևս չկան», - հայտարարեց Փաշինյանը:

Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ բռնության հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ քայլեր իրականացվել են: - «Առաջին արդյունքները այսօր, մեծ հավանականությամբ, Ոստիկանության կողմից կհրապարակվեն արդեն», - հավելեց նա:

Միջամտեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը․- «Ինձ համար էլ էր տարօրինակ այդ գործի կարճումը, որովհետև անձամբ ներկա եմ գտնվել այդտեղ և քննչական մարմնին կոչ եմ անում նաև ինձ որպես վկա ներգրավել այդ գործում»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ - «Ես ողջունում եմ Ձեր այդ մոտեցումը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այդպիսի ավանդույթ կա կամ այդպիսի պատկերացում, որ նախարարը կամ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող հրավիրվել որպես վկա»:

«Շատ լավ, օրենքի կարգով մենք կտեղեկացնենք պարոն Հարությունյանին», - արձագանքեց Օսիպյանը:

Նպատակահարմար է արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես կասեցնել

Վարչապետն այսօր հայտարարեց, որ պետք է քննարկել վարորդների շրջանում մեծ դժգոհություն առաջացրած արագաչափերի և խաչմերուկները նկարահանող սարքերի գործունեությունը թեկուզ ժամանակավորապես կասեցնելու տարբերակը․- «Հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել»:

Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ ղեկավար

Իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը, այս պաշտոնում նշանակվեց Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական ազդեցությունից

Վիճակագրական կոմիտեի նախագահ նշանակվեց Ստեփան Մնացականյանը, պետական վիճակագրությունը նա կազմել է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական ազդեցությունից, որպեսզի մարդիկ վստահեն այս կոմիտեի թվերին․ - «Մենք սրա մեջ շանս ենք տեսնում, որ կառավարության փոփոխությունից հետո Վիճակագրական կոմիտեն, ըստ էության, նույնը թողնելով, ստեղծել այս իրավիճակը, որպեսզի բալանսավորված լինի, այսինքն իսկապես Վիճակագրական կոմիտեի լիարժեք անկախությունը ապահովվի, որովհետև սա օգտակար է նաև կառավարության համար, որպեսզի մենք ռեալ պատկերացում ունենանք մեր գործունեության և արդյունքների մասին: Արևմտյան երկրներից մեկի վարչապետը այսպիսի արտահայտություն է արել՝ կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն: Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այս տրամաբանությունից»:

Փոխվարչապետերը հրաժարվել են ծառայողական մեքենաների մի մասից

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրոզյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր գրասենյակին հատկացված հինգ մեքենաներից երեքից, ևս երկուսից էլ հրաժարվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Արարատ Միրոզյանը նույնը առաջարկեց նաև նախարարներին․- «Պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում և սա բյուջետային ծախսերի, եղած միջոցների վատնում է ուղղակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG