Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Դեսպան Կասպշիկը շնորհավորել է նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։
Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս առումով կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։
Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։