Մատչելիության հղումներ

«Արարատցեմենտի» աշխատողներն աշխատավարձի բարձրացում են պահանջում


«Արարատցեմենտի» աշխատողները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը, 17-ը մայիսի, 2018 թ․
«Արարատցեմենտի» աշխատողները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը, 17-ը մայիսի, 2018 թ․

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն այսօր բողոքողներին վստահեցրեց՝ մայիսի 25-ին տեղի կունենա քննարկում, որի արդյունքով գործարանի աշխատողները կստանան իրենց պահանջի պատասխանը:

«Արարատցեմենտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում, որի ընթացքում փակել էին բազմաթիվ բեռնատարների մուտքը գործարան: Ցուցարարները պահանջում էին աշխատավարձի բարձրացում: «Հավաքարարը ընտանիք չի՞ պահում, 60 [հազար դրամ] ա ստանում, թող 50 ավելացնի, լինի 110 հազար», «Մարդիկ կան, գնում են ավելորդ աշխատանք անելու, ամոթ չի՞, երկրորդ, երրորդ գործն են անում, որ ընտանիք պահեն»,- բողոքում էին ակցիայի մասնակցիները։

«Աշխատանքի ժամերի համար ենք բողոքում, 16 ժամվա համար ընդհանրապես բան չենք ստանում։ 200 հազար [դրամ] փող ենք ստանում, էդ ի՞նչ գումար ա 16 ժամի համար։ Էլ չենք կարում աշխատենք, սաղս ինվալիդ ենք արդեն», «Միշտ աշխատավարձը ուշ ա նստել մեր հաշվի վրա, բացառիկ դեպքեր են եղել, որ ժամանակին ենք ստացել: Արդեն երկար ժամանակ ա՝ ընկել ենք սև ցուցակ, ոչ մի գործարք չենք կարում անենք»,- հավելում էին մյուսները։

Նախորդ օրերին գործարանի աշխատողները սրանից բացի ևս երկու պահանջ էին ներկայացրել տնօրինությանը․ նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձի հաշվարկը կատարեն ոչ թե արտադրամասի պետերը, այլ հաշվապահները: Աշխատավարձն էլ ստանան ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը։ Վերջին երկու պահանջները բավարարվել են, բայց աշխատավարձերի բարձրացման հարցը դեռևս քննարկումների փուլում է։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին նաև, որ խոսակցություններ են լսել այն մասին, թե գործարանի որոշ արտադրամասեր շուտով չեն աշխատելու: Այդ խոսակցությունները, սակայն, այսօր հերքեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

«Ես հանձնարարություն տվել եմ, որ հաշվարկեն տարբեր տարբերակներ, քննարկենք, բայց դա չի նշանակում, որ փակել ենք, փակում ենք կամ փակելու ենք»,- ասաց Առուստամյանը։

«Արարատցեմենտի» աշխատողները պահանջում էին նաև հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը բողոքողներին վստահեցրեց՝ մայիսի 25-ին քննարկում տեղի կունենա, որի արդյունքով գործարանի աշխատողները կստանան աշխատավարձի բարձրացման պահանջի պատասխանը, իսկ բացասական պատասխանի դեպքում էլ խոստացավ կազմակերպել հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG