Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Խնդիրներին անհրաժեշտ է համակարգված լուծումներ տալ


Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց շենքի առջև հավաքված ցուցարարներին, որոնք պահանջում են զինվորի սպանության բացահայտումից մինչև երեխայի մանկապարտեզ հաճախելու հարցի լուծում։

Փաշինյանի կառավարության նորամուծություններից մեկն է՝ նիստից օրերին լսել շենքի առջև իրենց խնդիրների լուծման հետևից եկած քաղաքացիներին։ Ինչպես նախորդ նիստի օրը, այսօր ևս լսելով բոլորին և վերցնելով իրեն ուղղված նամակները, վարչապետը հայտարարեց՝ բոլորս դադարի կարիք ունենք։ Խնդիրներին անհրաժեշտ է համակարգված լուծումներ տալ․ - «Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Որովհետև եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք: Դրա համար մենք պետք է հերթով, հանգիստ, հանդարտ հասկանանք բոլոր հարցերը և հերթով զբաղվենք դրանց լուծմամբ»:

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այս խնդիրները նոր չեն, սակայն նախկին իշխանությունը շատ դեպքերում ճնշել են դրանց բարձրաձայնումը․ - «Հիմա, բնականաբար, այդ ճնշումների մեխանիզմը չկա, և մարդիկ ազատ արտահայտվելու իրենց հնարավորությունից օգտվում են»:

Կառավարության շենքի առջև ցույցերին զուգահեռ, ընդունելությունների սրահում Կառավարության ներկայացուցիչ Հայկ Սիմոնյանը լսում էր «Գլենդել հիլզից» տուժած քաղաքացիներին։

Մոտ 300 ընտանիք «Գլենդել հիլզ» ընկերության հետ 2007 թվականին պայմանագիր է կնքել՝ բնակարան գնելու համար։ 11 տարի է անցել, ընկերությունը սնանկ է ճանաչված, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն։

««Փրոջեքթ Դի», «Փրոջեքթ Սի» կազմակերպությունները դուրս եկան, որոնք մեզ հետ փորձեցին պայմանագիր կնքել: Մեր բնակարանները գրավի տակ են Ամերիաբանկում․ մենք ստիպված գնացինք այդ քայլին: Նոյեմբերի 30-ին պայմանագիրը պետք է վերջանար», - «Ազատությանն» ասաց տուժած քաղաքացիներից մեկը:

Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ բնակիչները կասկած հայտնեցին, որ սնակության գործընթացը կեղծ է և պահանջեցին միջամտել, որպեսզի իրենց ապահովեն բնակարաններով կամ վերադարձնեն վճարված գումարները:

Պաշտոնյան նշեց, որ կառավարությունը կարող է միայն միջնորդի դեր կատարել ու խոստացավ ուսումնասիրել խնդիրը․ - «Պահանջել, պարտադրել չի կարող լինել, որովհետև պրոցեսները արդեն դատարանի դաշտում են, սնանկացման գործընթացում: Փորձելու ենք բանակցել, որպեսզի կառուցապատող, բանկ և ձեր շահերը մոտեցնենք իրար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG