Մատչելիության հղումներ

«Բալասանյանը» դեմ քվեարկեց Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին սեփական նախագծին


Գյումրիի ավագանու նիստում, 17-ը մայիսի, 2018 թ․
Գյումրիի ավագանու նիստում, 17-ը մայիսի, 2018 թ․

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չթաքցրեց, որ այս, ավագանու ընդդիմադիր անդամների բնութագրմամբ՝ «ծաղրուծանակ նախաձեռնության» հեղինակը հենց ինքն է:

Գյումրիի ավագանու «Բալասանյան» խմբակցությունն այսօր դեմ քվեարկեց իր իսկ կոմից ավագանու արտահերթ նիստի քննարկմանը ներկայացված նախագծին, որով առաջարկվում էր անվստահություն հայտնել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այսպիսով, համաձայն գործող օրենսդրության, գործող քաղաքապետին առաջիկա մեկ տարվա ընթացքում անվստահություն հայտնելու առաջարկ չի կարող ներկայացվել:

Նախաձեռնության տակ ստորագրել էին ավագանու 13 անդամ, որոնցից 10-ը «Բալասանյան», 2-ը «Բարգավաճ Հայաստան», 1-ը՝ «Հայկական վերածնունդ» խմբակցություններից:

Գյումրիում վերջին օրերին սկսեցին խոսել Սամվել Բալասանյանին պաշտոնանկ անելու հնարավորության մասին: ՕԵԿ (ՀՎԿ) կուսակցությունից Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, թե գործընթաց են սկսելու՝ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար: Սակայն «Բալասանյան» խմբակցությունը որոշեց առաջինն այդ քայլին դիմել՝ տապալելով անվստահության իրական գործընթացն ու գործող քաղաքապետին հնարավորություն տալով ևս մեկ տարի օրենսդրորեն անձեռնմխելի մնալ:

Ավագանու ընդդիմադիր խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտել էր այսօրվա քննարկումը, մյուս երկու խմբակցություններն էլ՝ «Հայկական վերածնունդը» և «Գալան», նախաձեռնությունը «կրկես», «ծաղրուծանակ» որակեցին ու առաջարկեցին հանել այն օրակարգից:

«Առաջարկում եմ թարգը տալ: Անտեղի տեղը պատմություններ եք սարքել, ինչ-որ քվեարկություն, էսքան մարդ խառնել իրար»,- տարակուսանք հայտնեց ավագանու «Գալա» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը: Ավագանու մեկ այլ անդամ էլ հորդորեց․ «Մի թույլ տվեք, որ ձեր քվեները ծաղրուծանակի վերածեն»:

Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու պարագայում, ըստ համանուն խմբակցության, քաղաքապետի թեկանածու պետք է առաջադրվեր նույն խմբակցության անդամ Տիգրան Հովհաննիսյանը: Վերջինս, սակայն, այսօր հայտարարեց, թե ինքը կողմ է, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել և «իր թիմի հետ միասին իրականացնել խոստումներն ու ծրագրերը»:

Լևոն Բարսեղյանը հայտարարեց՝ այս ամենը պատիվ չի բերում Գյումրիին ու գյումրեցուն: «Էս ամոթանքն այլևս անտանելի է: Հիմա արդեն ձեր 10 հոգու հրաժարականն եմ պահանջելու՝ մեր քաղաքը ծաղրի ենթարկելու համար»,- ասաց նա:

Սամվել Բալասանյանն, ի դեպ, չթաքցերեց, որ այս նախաձեռնության հեղինակը հենց ինքն է, և որ ստեղծված իրավիճակում այլ ելք չէր տեսնում: «Ուրիշ մեխանիզմ չկար, տարբերակ չկար: Պետք է մենք կարողանայինք, համաձայն ՏԻՄ մասին օրենքի 68 հոդվածի, կազմակերպել նման անվստահություն և դրա արդյունքում ստանայինք այն, ինչ-որ էսօր դուք տեսաք»,- ասաց Բալասանյանը: Նրան խիստ զայրացրել էին վերջին օրերին իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Այսօր ասաց, թե աթոռից կառչած չէ ու հրաժարական կտա, «եթե նման պահանջ լինի»:

Փակ գաղտնի քվեարկությամբ, 18 դեմ արդյունքով, Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկը մերժվեց: Լևոն Բարսեղյանը «Գալա» խմբակցության ճեպազրույցի ժամանակ նշեց, որ իրենք դիմելու են արտարադատության նախարարությանը՝ ավագանու այսօրվա նիստը «ոչ իրավաչափ» ճանաչելու պահանջով:

Մինչ ընթանում էր նիստը, քաղաքապետարանի շենքում հավաքվել էին Բալասանյանի աջակիցները, ձեռքներին պաստառներ: Նրանք ամեն անգամ ծափերով էին դիմավորում ու ճանաապարհում գործող քաղաքապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG