Մատչելիության հղումներ

Փաշինյանը կոչ արեց 15.00-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները, բացել ճանապարհները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով կոչ արեց քաղաքացիներին՝ 15.00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները, բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել գործադուլները:

«Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, գիտեինք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով և լուծել քաղաքացիների խնդիրը, պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանություն, որը հենց ժողովրդի որոշմամբ և մանդատով, ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտն ասած հասկանալի չէ, որ մենք ամեն օր փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիական անհնազանդության գործողություններ, իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Այսօր հաստատված է քաղաքացու իշխանություն հետևաբար ում ենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ, սա ճիշտ մոտեցում չէ»։

Փաշինյանը կոչ արեց հնարավորություն տալ կառավարությանը խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության ու զբաղվել դրանց լուծումներով։

«Կառավարությունը պետք է հնարավորություն ունենա խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության և հերթով զբաղվել այդ խնդիրներով, և ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև, եթե այդ հնարավորությունը չի տրվելու, մեր այստեղ լինելը զրկվում է որևէ իմաստից։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, և ՀՀ քաղաքացիները չունեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու առիթ», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ երեկ «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։

Երեկ բողոքի ակցիաներ էին իրականացնում նաև տաքսու վարորդներն ու զինկոմիսարիատների աշխատակիցները, նրանք պահանջում էին, որպեսզի ուղիղ 8 օր վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը լուծի նախկին կառավարության օրոք կուտակված իրենց խնդիրները: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող տասնյակ երիտասարդներ հաղթահարելով մի քանի ոստիկանների դիմադրությունը, երեկ ներս մտան քաղաքապետարանի շենք, և 2-3 ժամ փակ պահեցին դեպի քաղաքապետի աշխատասենյակը տանող միջանցքը։

Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն այսօր շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG