Մատչելիության հղումներ

«Չի բացառվում, որ ակցիաները հրահրվում են նախկին իշխանության կողմից, բայց նոր կառավարությունը պետք է պատրաստ լիներ սրան»


Վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ
Վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Ազատության» հետ զրույցում գնահատելով վերջին օրերին մայրաքաղաքի զանազան հատվածներում տարբեր նպատակներով կազմակերպվող բողոքի ակցիաները, խոսում է մի քանի գործոնների մասին, դրանցից առանձնացնելով հատկապես երկուսը:

«Կարծում եմ այստեղ մի քանի գործոններ կան: Առաջնայինն, իհարկե, այն է, որ կան հանրության տարբեր շերտերի բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ, որոնք բարձրացվում էին նաև նախորդ իշխանությունների առջև, սակայն այդպես էլ հիմնարար լուծումներ չէին ստանում: Զարմանալի չէ, որ այդ խնդիրները հիմա արդեն տեղափոխվում են նոր կառավարության դաշտ, և կարծում եմ՝ սա նոր կառավարության համար պետք է որ անսպասելի չլիներ և նոր իշխանության եկած թիմը պետք է որ պատրաստ լիներ նման մարտահրավերի:

Մյուս հանգամանքն այն է, որ այստեղ կարող են լինել դեպքեր, երբ օգտվելով այդ չլուծված և նոր իշխանություններին որպես ծանր ժառանգություն մնացած խնդիրներից, նախկին իշխանության այս կամ այն թևը փորձի տարբեր սոցիալական բողոքներ հրահրել՝ հակահեղափոխական մթնոլորտ ձևավորելու և նոր կառավարության աշխատանքի համար բարդություններ ստեղծելու նպատակով:

Լուծումը միարժեքորեն երկխոսությունն է: Այդ առումով կարծում եմ, որ կառավարությունից նվազագույնը, որ պահանջվում է, երկխոսության ոճի և հաշվետու ոճի որդեգրումն է: Կարծում եմ՝ այդ պարագայում քաղաքացիները նույնիսկ կարող են ըմբռնումով մոտենալ: Ճիշտ է, խնդիրը բողոքող քաղաքացու պատկերացրած արագությամբ չի լուծվի, բայց եթե նա տեսնի համարժեք արձագանք և իր հանդեպ կառավարության անկեղծ վերաբերմունք, կարող է համբերել»,- ասում է Հակոբ Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG