Մատչելիության հղումներ

Կներկայացվի «Արշակ Երկրորդը»՝ նվիրված օպերայի ստեղծման 150-ամյակին


Անվանի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն այս երեկո քսանվեց տարվա ընդմիջումից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում հանդես կգա Արշակ Երկրորդի դերերգով հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայում:

Նա բազմիցս կատարել է այս դերերգը ամենատարբեր օպերային բեմահարթակներում, իսկ Հայաստանում հանդես կգա տևական ընդմիջումից հետո, թեև այս օպերան ընդգրկված է թատրոնի խաղացանկում: Ի դեպ, այս երեկո կայանալիք բեմադրությունը հոբելյանական է՝ նվիրված օպերայի ստեղծման 150-ամյակին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարսեղ Թումանյանն ասաց․ - «Ես ցանկացա Արշակի այն կերպարը ներկայացնեմ, որը ես եմ պատկերացնում: Որովհետև երեք սերնդի բեմադրություններ ենք մենք ունեցել: Ճիշտն ասած, ես կցանկանայի, որպեսզի մենք հնարավորություն ունենայինք շատ լուրջ բեմադրություն անել, մնայուն, լավ բեմադրություն, ոչ թե էքսպերիմենտալ լիներ»:

150 տարի առաջ Տիգրան Չուխաջյանի կողմից ստեղծված հայկական առաջին օպերան բազմաթիվ բեմադրությունն է ունեցել: Առաջին անգամ այն բեմադրվել է 1868 թվականին՝ միանգամից նոր էջ բացելով հայկական ազգային երաժշտարվեստի պատմության մեջ:

Խորհրդային տարիներին այս օպերան առաջին անգամ մեր օպերային թատրոնում ներկայացվել է1945 թվականին՝ Արմեն Գուլակյանի բեմադրությամբ, իսկ անկախության տարիներին, Բարսեղ Թումանյանի փոխանցմամբ, եղել են Տիգրան Լևոնյանի, ապա Գեղամ Գրիգորյանի բեմադրությունները․ - «Մենք այնպես ենք անում, որպեսզի պահպանենք․․․ ընդհանուր մեխը պահպանված է, այդ սյունը կա»:

Մի քանի տարի առաջ Միացյալ Նահանգներում իրականացված բեմադրության մասին «Ազատության» հարցին ի պատասխան, Թումանյանն ասաց․ - «Այնքան էլ կողմ չեմ: Որովհետև մենք ունենք խնդիր մեր ազգային պատմության: Ընդհանրապես մեր պատմության ընթացքում պատմությունը շատ է շեղված եղել․ այսօր սա է հերոս, մյուս օրը նա է հերոս, այսօր պարսկամոլներն են ճիշտը, մյուսը՝ բյուզանդամոլներն են ճիշտ: Նույնը այսօր է․ ով Ռուսաստանի կողմն է, ով ուզում է Եվրոպա կամ Նահանգներ: Նույն խնդիրը միշտ էլ եղել է»:

Օպերայի ուղերձը Բարսեղ Թումանյանն այսպես ձևակերպեց․ - «Միանությունն է կարևոր և անկախ Հայաստանը»:

Այս երեկո օպերային բեմում կլինեն մեր լավագույն օպերային երգիչ-երչուհիները, այդ թվում և Անահիտ Մխիթարյանը՝ Օլիմպիա թագուհու դերերգով:

Ի դեպ, օպերային արվեստի մեր անվանի ներկայացուցիչները՝ Բարսեղ Թումանյանը և Անահիտ Մխիթարյանն այսօր առաջին անգամ են միասին հանդես գալու:

Անահիտ Մխիթարյանն ասաց․ - «Տարիներ շարունակ «Արշակ Երկրորդ» օպերան մեր թատրոնի զարդերից մեկն է: Հետաքրքրական է, որ ես և Բարսեղը երկար տարիներ, ունենալով շատ բեղուն և հարուստ ստեղծագործական կյանք, բեմում որպես խաղընկերներ հանդիպում ենք առաջին անգամ»:

«Այս ներկայացումը ոչ միայն հիշարժան է այն բանով, որ հոբելյանական տարեթվում է, այլև ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի, որովհետև վերջապես մեր թատրոնում տասնամյակների ընդմիջումից հետո ելույթ կունենա Բարսեղ Թումանյանը: 25 տարի է, նա որևէ օպերային ներկայացմամբ հանդես չի եկել Հայաստանում: Այժմ այս ուրախալի իրողությունը հուսով եմ, որ կլինի տասնամյակներից հետո առաջինը, բայց ոչ վերջինը: Եվ հուսով եմ, մի օր էլ կվերադառնա մեր երկիր», - ասաց Հարություն Արզումանյանը, ով այս երեկո ղեկավարելու է օպերային թատրոնի նվագախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG