Մատչելիության հղումներ

«Չենք գնալու նրան, որ 450 մարդ մի օրում մնա գործազուրկ». փոխվարչպետն ընդունել է ցուցարարներին


Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացումից դժգոհ ցուցարարներին։

Փոխվարչապետը ասաց՝ բարեփոխումը միայն օգուտ է բանակաշինությանը, միևնույն ժամանակ նշեց՝ չեն գնալու մի քայլի, որ 450 մարդ մի օրում մնա գործազուրկ։

«Մեզ առաջարկեցին Սևանից գնալ Մարտունիի կոմիսարիատ՝ ծառայության։ Մենք ստանում ենք 75 հազար դրամ, էդ գումարը մեզ բավարարում է, մենք համաձայն ենք մնալ մեր աշխատանքին, բայց մեր բնակավայրից Մարտունի 72 կիլոմետր է, գոնե մեզ չօպտիմալացնեն, մենք մնանք մեր բնակավայրում», - ասաց հանդիպմանը եկած ցուցարարներից մեկը։

Միրզոյանը պատասխանեց. - «Դուք ստանում եք, օրինակ, ինչպես ասացիք, 75 հազար, ինչ-որ աշխատանք եք անում, որը նպաստ է բերում պետությանը, բայց էդ աշխատանքը կարող է ավելի լավ կազմակերպվել՝ ուրիշ ձևով, և դրանից պետությունը միայն կշահի։ Հիմա վատ մեկնաբանության դեպքում՝ Դուք ասում եք՝ «ոչինչ, թող պետությունը վատ ձևով աշխատի, բյուրոկրատիան շատ լինի, բայց մենք ստանանք այդ 75 հազարը»։ Վստահաբար Ձեր խոսքն այդպես կարելի է մեկնաբանել։ Հիմա ես այնպիսի լուծում եմ ուզում առաջարկել, որից և՛ պետությունը կշահի, և՛ Դուք աշխատանքը չեք կորցնի. էդ ռեֆորմը, որ արվում է բանակաշինությանը միայն օգուտ է, դրանից բանակը շահելու է, դրանց պետությունը շահելու է, դրանից մենք՝ մարդիկ, ում պաշտպանում է էդ բանակը շահելու է։ Հիմա ես առաջարկում եմ էդ մասը համարենք փակված»։

Անդրադառնալով գործազրկությանը Արարատ Միրզոյանը նշեց՝ հանդիպման գալուց առաջ խոսել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Փոխվարչապետը վստահեցրեց՝ կառաջարկվեն լուծումներ, որոնք կարող են լինել փոխզիջումային։

«Մենք գիտենք ձեր խնդրի մասին, մենք մտահոգ ենք դրանով, զբաղվում ենք դրանով և ուզում ենք լուծել, ոչ մի ձևով չենք գնալու նրան, որ 450 մարդ մի օրում մնա գործազուրկ, սա չի լինելու, երրորդը՝ կառաջարկվեն լուծումներ, որոնք կարող են լինել փոխզիջումային, միակողմանի ուլտիմատիվ լուծումներ չենք առաջարկի, մենք չենք կարող ասել ՝ վերջ մենք օպտիմալացնում ենք զինկոմիսարիատները, դուք մնացիք դրսում, չի կարող տենց բան լինել», - ասաց Միրզոյանը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից կառավարության շենքի մոտ էին հավաքվել հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատների աշխատակիցներ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք նշում էին, որ օպտիմալացման արդյուքնում զոինկոմիսարիատների մոտ 450 աշխատողներ դառնալու են գործազուրկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG