Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին կալանավորվեց մեկ ամսով


Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում, 15-ը մայիսի, 2018թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում, 15-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին երեկ կալանավորվել է:

Մոսկովյան դատարանի որոշմամբ նա 30 օրով կալանավորվել է չարտոնված ցույց անցկացնելու և ոստիկանությանը չենթարկվելու համար: Նրան երկու հոդվածներով են դատապարտել՝ 30 և 15 օրով, սակայն այս պատիժները չեն գումարվում, և Նավալնին կալանավայրում է 30 օրով:

Ընդդիմադիր գործիչը, որին Ռուսաստանի իշխանությունները զրկել էին վերջին նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից, մայիսի 5-ին՝ Պուտինի չորրորդ երդմնակալության նախօրեին, «Նա մեր ցարը չէ» կարգախոսով բողոքի զանգվածային ակցիաներ էր կազմակերպել երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Իշխանությունները մայրաքաղաքում և հյուսիսային մայրաքաղաքում ակցիաները չէին արտոնել, և ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել ցուցարարների դեմ:

Նավալնուն ոստիկանները ձերբակալել էին Մոսկվայում՝ ցույցի մեկնարկից քիչ անց, Պուշկինսկայա հրապարակում: Նույն օրը Ռուսաստանի մեծ և փոքր քաղաքներում բերման էր ենթարկվել ընդհանուր առմամբ 1600-ից ավելի քաղաքացի:

Երեկ դատարանում Ալեքսեյ Նավալնին հայտարարեց, որ որևէ դիմադրություն ոստիկանությանը չի ցուցաբերել, որ իրեն որևէ զգուշացում չեն արել, որ կա տեսագրություն, որում երևում է, թե ինչպես պարզապես մոտեցել են իրեն, կոպտորեն բռնել ձեռքերից և ոտքերից ու քարշ տվել դեպի ոստիկանական մեքենան:

«Արդարադատության մասին խոսք լինել չի կարող այս դեպքում: Ես որևէ ձևով չեմ դիմադրել ոստիկանությանը, կա տեսագրություն, կան վկաներ: Բայց այս ամենը որևէ կապ չունի՝ դուք ինձ միևնույն է դատապարտելու եք», - Մոսկվայի դատարանում հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG