Մատչելիության հղումներ

Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ի միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյան

Ոստիկանությունում այսօր քրեական գործ է հարուցվել ապրիլի 21-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցի փողոցի վրա ցույցի մասնակից մեքենաներից մեկի վրա հարձակվելու և այն դիտավորյալ վնասելու գործով։

Այս միջադեպի մասին դեռ շաբաթներ առաջ առաջինը բարձրաձայնել էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը․ - «Քանի որ շարժման օրերին անընդհատ զանգեր էինք ստանում, ահազանգեր էին լինում, ես այդ տեղեկատվությունը ստացա զանգով, որ Ուլնեցի փողոցի վրա փողոցը փակած մեքենան կոտրել են»:

Դեռ Հայաստանում ծավալված բողոքի ցույցի օրերին Բաթոյանը շտապեց այս մասին գրել Ֆեյսբուքի իր էջում՝ հատկապես շեշտելով, որ իրեն հասած տեղեկություններով, ցուցարաներից մեկի մեքենայի վրա հարձակված անձինք իջել են ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին կամ նրա թիկանձորի խմբին պատկանող մեքենաներից․ - «Երկու մեքենա է եղել, որոնցից մեկը մուգ կարմիր, համարանիշները պարունակել են մի քանի երեքներ, մյուսը եղել է սև մեքենա, որը համարանիշ չի ունեցել: ԻՆձ հաղորդողներն ասացին, որ դրանք Միհրան Պողոսյանի մեքենաներն են»:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ այս միջադեպի վերաբերյալ քրեական գործ հարուցվել է այսօր և գործը ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ արդեն կշարունակվի քննությունը: Դրա ավարտին միայն հնարվոր կլինի տեղեկանալ՝ արդյո՞ք ականատեսների պնդումները ճիշտ են, և ցուցարարի մեքենան հարձակման ենթրակած անձինք իջել են նշված մեքենաներից։

Տեղեկության վերաբերյալ հաստատում կամ հերքում հնարավոր չեղավ ստանալ պատգամավոր Միհրան Պողոսյանին, ով ոչ հեռախոսազանգերին, ոչ հաղորդագրություններին չպատասխանեց:

«Կան տարբեր սկանդալներ, նաև փաստեր, որոնք երկար ժամանակ փակ են եղել թե՛ հանրության, թե՛ իրավապահ մարմինների համար: Հույս ունեմ, որ հետագայում այդ արգելքներն չեն լինի, և յուրաքանչյուրը իր աշխատանքը կիրականացնի պատշաճ ձևով: Դա կլինի ոստիկանությունը, կլինեն իրավապահ այլ մարմիններ և այլն», - ասաց Բաթոյանը:

Նա վստահ է, որ իրեն հասած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, բայց կսպասի իրավապահներին քննությանը։

Ավագանու անդամի խոսքով, եթե քննությունը ևս հաստատի, որ Միհրան Պողոսյանը իսկակես առնչություն ունի տեղի ունեցածի հետ, ինքը չի զարմանա, որովհետև նման արարք սպասում է այն քաղաքական գործչից, ով 2017 խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր հասարակական կազմակերպության միջոցով բարեգործությամբ էր զբաղված, նաև հայտնվել է մի շարք սկանդալների կենտրոնում․ - «Իր բարեգործությունը չի իրականացնում անշահախնդրորեն: Չի իրականացնում ի շահ քաղաքացու, պարզապես հանուն բարեգործության և մարդկանց կյանքը բարելավելու: Ի սկզբանե եթե մարդը դա օգտագործում է իր դիրքի, իր քաղաքական դիվիդենտները ունենալու հասարակության մեջ, փոխշահավետ գործարքների գնալու համար, դա արդեն անընդունելի է»:

Միհրան Պողոսյանը, ով ըստ մամուլի նաև խոշոր գործարար է, հանրապետական այն 13 պատգամավորներից է, ով մայիսի 8-ին կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում՝ այդ մասին նաև գրառում թողնելով «Քեթրին» հասարակական կազմակերպության էջում, որում նշված էր․ - «Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորքի վարչական շրջանների իմ ընտրողների, բնակչության ներկայացուցիչների հետ կայացած քննարկումների արդյունքները ամփոփելով, քաղաքական թիմիս և ԱԺ մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումները հաշվի առնելով՝ հայտնում եմ, որ աջակցելու եմ ժողովրդի առաջադրած թեկնածուին դառնալ վարչապետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG