Մատչելիության հղումներ

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական տվեց


Մի քանի օր շարունակված բողոքի ակցիաներից հետո Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն այսօր հրաժարական տվեց: Բուհ այցելած կրթության ու գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ խնդրի լուծման ելքը բուհի կառավարման նոր խորհրդի ձևավորումն է, որն էլ նոր ռեկտորի ընտրությունը կանցկացնի:

«Ձևավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ, մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ», ֊ հայտարարեց նախարարը։ ֊ «Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը շատ ողջունելի է։ Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի պարոն Երվանդ Սերոբյանը՝ ռեկտորի տեղակալը»։

Հրաժարականի որոշումը պարտադրված է եղել, թե Մինասյանը ինքնակամ է որոշել դիմում գրել, «Ազատության» հարցին ի պատասխան արդեն նախկին ռեկտորն ասաց՝ «ես իմ քայլն եմ արել»:

Երեկ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել էր բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից և հորդորել էր նիստ հրավիրել ռեկտորի հրաժարականի օրակարգով:

«Մեր կառավարման խորհրուրդը, խորհրդի նախագահի հրաժարականով արդեն իսկ ահազանգում է խորհրդի ինստիտուցիոնալ անկարողության մասին։ Հակված եմ, որ առավել ժողովրդավար ընտրվի խորհուրդ և ինչպես նշեց պարոն նախարարը՝ անցկացվեն ռեկտորի նոր ընտրություններ», ֊ այս առնչությամբ մեկնաբանեց Սահակ Մինասյանը։

8 ամիս շարունակ բուհի նախկին երկու դասախոսներ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհանեսս Խորիկյանը, Սահակ Մինասյանին մեղադրում էին մի շարք անօրինականությունների ու չարաշահումների մեջ, սակայն հանրապետական ռեկտորը հերքում էր այդ մեղադրանքները և պնդում, որ բուհում անցկացված ստուգումներից հետո ոչ մի չարաշահում չի հայտնաբերվել: Կրթության ու գիտության նախարարն անդրադարձավ աշխատանքից ազատված երկու դասախոսների խնդրին ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին հանձնարարեց․ ֊ «Ռեկտորի պաշտոնակատարին ես կխնդրեմ, որպեսզի դիտարկի հեռացված երկու դասախոսների վերականգնման հնարավորությունները առաջիկա շաբաթների ընթացքում, եթե նման հնարավորություն կա։ Ես որքան գիտեմ՝ նրանք դատարեն են դիմել այս հարցով»։

Ինչ վերաբերում է վերջերս աշխատանքից ազատված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին, ով Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, ապա այստեղ խնդիրը կլուծվի բուհի նոր կառավարման խորհրդի ընտրությունից ու կառուցվածքային փոփոխությունից հետո, ասաց Հարությունյանը. ֊ «Ես կարծում եմ, որ լրացուցիչ լարվածություն չառաջացնելու համար մեկ ամիս հետո, երբ որ տեղի կունենան ռեկտորի նոր ընտրություններ և նոր խորհուրդ կձևավորվի, այդ խորհուրդը արդեն ամբողջությամբ լեգիտիմ կլինի։ Սահմանելու ենք կառուցվածքը, որը անհրաժեշտ է բուհին, որովհետև նույն կառուցվածքի հետ կապված լուրջ վեճեր կային»։

Բուհում տիրող մթնոլորտը պետք է վերականգնվի, ոչ թե նոր հրահրումներ լինեն, նկատեց նախարարը: Ի դեպ, այսօր Արայիկ Հարությունյանը պետք է այցելեր նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ, քանի որ դրա տնօրեն Կարինե Ավդալյանին ևս սոցցանցերում կաշառակերության ու անօրինականության մեղադրանքներ են հասցեագրվում: Ժամանակի սղության պատճառով չհասցրեց, բայց ասաց՝ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է. ֊ «Տիկին Ավդալյանի հետ առայժմ չեմ զրուցել, մտադիր էի հանդիպել այսօր, հեռախոսազրույց կունենամ, և կարծում եմ, որ իրավիճակը այստեղ էլ կհանդարտվի»։

Նախարարը խոստացավ առաջիկայում կրկին այցելել Գյումրի և հանդիպել դասախոսների ու ուսանողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG