Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է որակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հետ երեկվա հանդիպումը։
Այսօր վարչապետը շրջել է նախարարություններով և աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներին։ Ճանապարհին Փաշինյանը պատասխանել է «Ազատության» մի քանի հարցերի, որը ներկայացնում են ստորև.
«Ազատություն». - Պարոն Վարչապետ, ի՞նչ հարցեր քննարկեցիք Վլադիմիր Պուտինի հետ փակ հանդիպման ժամանակ։
Նիկոլ Փաշինյան. - Հարցերի ամենալայն շրջանակ է քննարկվել և շատ արդյունավետ հանդիպում էր։
«Ազատություն». - Ղարաբաղյան հակամարտության թեման քննարկվե՞լ է, մասնավորապես Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը։
Նիկոլ Փաշինյան. - Ընդհանուր քննարկում է տեղի ունեցել, շատ չենք կոնկրետացել։
«Ազատություն». - Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ինչ-որ հարցեր բարձրացվեցի՞ն՝ զենքի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված։
Նիկոլ Փաշինյան. - Այո, բոլոր հնարավոր հարցերը մեզ հուզող բարձրացվել են բոլոր հանդիպումներում։
«Ազատություն». - Ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։
Նիկոլ Փաշինյան. - Լավ, նորմալ։
«Ազատություն». - Պարոն վարչապետ, նշանակումների հետ կապված շատ է խոսվում, որ երիտասարդ, անփորձ կադրեր են, ինչպե՞ս կարձագանքեք։
Նիկոլ Փաշինյան. - Իմ մասին էլ էին ասում՝ անփորձ, կառավարման փորձ չունեցող։ Մենք նոր էջ ենք սկսում, նոր էջ ենք բացում մեր երկրում: Կարծում եմ, որ կառավարության կազմը բալանսավորված է, և՛ փորձվածները, և՛ անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ և ոչ թե կյանքի և քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է: Եվ ես համոզված եմ, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ, եթե արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն առանձին նախարարների և պաշտոնյաների, այդ խնդիրներն արագ կլուծվեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի։
Փաշինյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը հավանություն կտա իր կառավարության ծրագրին, և իրենք «բնականոն կաշխատեն»։ «Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի», - ասաց վարչապետը։
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասին, վարչապետն ասաց, որ հարցը դեռ կքննարկեն, սակայն կարծում է, որ ընտրություններն այս տարի կանցկացվեն։