Մատչելիության հղումներ

Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել


Բախումները Գազայի հատվածի սահմանին, 14-ը մայիսի, 2018թ․
Բախումները Գազայի հատվածի սահմանին, 14-ը մայիսի, 2018թ․

Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել Գազայի հատվածում իսրայելական զինուժի և պաղեստինցի ցուցարարների միջև արյունալի բախումների կապակցությամբ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, ընդհարումների հետևանքով 58 պաղեստինցի է մահացել, շուրջ 2 հազար 700 հոգի՝ վիրավորվել:

Բախումների առիթ է դարձել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ:

Պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է Գազայում տեղի ունեցածը՝ մեղադրանքներ հնչեցնելով Իսրայելի և ԱՄՆ-ի հասցեին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել՝ երեկվա դեպքերը որակելով իբրև ցեղասպանություն:

Վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ հայտարարել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր մնալ բռնությունների նկատմամբ և մուսուլմանական երկրներին կոչ արել վերանայել իրենց հարաբերությունները Իսրայելի հետ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտնել է Թել Ավիվում և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպաններին խորհրդակցությունների համար Անկարա կանչելու որոշման մասին:

Այսօր Թուրքիայի խորհրդարանում Երուսաղեմի հարցով արտահերթ նիստ է անցկացվում:

Թուրքական իշխանությունները նաև պահանջել են ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստեր գումարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG