Մատչելիության հղումներ

Դեմիրթաշը խոստանում է Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում բացել հայ-թուրքական սահմանը


Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթդին Դեմիրթաշը խոստանում է ընտրվելու դեպքում առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախօրեին Անկարայում հրապարակվել է նախագահի թեկնածու Դեմիրթաշի նախընտրական ծրագիրը, որի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում անդրադարձ կա նաև Հայաստանի հետ հարաբերություններին:

Ընդգծելով, որ Թուրքիան պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա հարևան բոլոր երկրների հետ՝ Դեմիրթաշը կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

«Մենք կհանենք Հայաստանի նկատմամբ սահմանված տնտեսական էմբարգոն, տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք, առանց նախապայմանների կբացենք Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված թուրք-հայկական սահմանը: Կսատարենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղված ջանքերը», - ասված է Դեմիրթաշի նախընտրական ծրագրում:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթդին Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ է: 2013 թվականին Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ մեղադրվող Դեմիրթաշին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ղեկավարի շտաբը հայտարարել է, թե Սելահաթդին Դեմիրթաշը ազատազրկման դատապարտվելու դեպքում անգամ կմասնակցի նախագահական ընտրություններին: Նրա գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին:

Ի դեպ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն այսօր այցելելու է Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթդին Դեմիրթաշին:

Փայլանը իր թվիթերյան էջում հայտնել է, որ արդարադատության նախարարը 18 ամիս անց վերջապես ընդառաջել է իր դիմումին և թույլատրել տեսակցել Դեմիրթաշին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG