Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն իրենց առաջնային խնդիրներից է համարում դպրոցների, մանկապարտեզների ապակուսակցականացումը։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նորանշանակ նախարարը նշեց՝ օրենքով քաղաքականությունը դպրոցներում արգելված է, և իրենք շատ արագ պետք է սկսեն ապակուսակցականացման գործընթացը։
«Ինչի՞ համար են պետք քաղաքականացված դպրոցները, մասնավորապես, կամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իբրև տնօրեններ, դրանք շատ կոնկրետ նախկին իշխանությունների համար պետք էին վերարտադրվելու համար։ Սա շատ հստակ մեխանիզմ էր, երբ որ նույն կուսակցականացված ղեկավարների միջոցով նրանք մոբիլիզացնում էին աշակերտներին, աշակերտների ծնողներին, ինչ-ինչ ճնշումների, ինչ-ինչ սպառնալիքների, ինչ-ինչ խոստումների արդյունքում կորզում էին ձայներ։ Սա հստակ մեխանիզմ է էդ համակարգն աշխատացնելու՝ ընտրություններում անհրաժեշտ ձայներ ապահովելու համար։ Այո, սա մեր առաջնային խնդիրներից է, և մենք խոսել ենք սրա մասին՝ դպրոցների ապակուսակցականացումը, այդ թվում՝ նաև մանկապարտեզների, որովհետև այնտեղ էլ են շատ տարբեր նախկին չինովնիկների կանայք, ընկերուհիներ, սիրուհիներ և այլն, որոնց շատ եմ հանդիպել, երբ որ Երևանի կրթության մշտական հանձնաժողովի նախագահն էի։ Էս պրոցեսը պետք է գնա, ընդ որում՝ շատ արագ պետք է գնա, որովհետև նաև օրենքով քաղաքականությունը դպրոցներում արգելված է», - ասաց Հարությունյանը։
Նախարարը չի բացառում, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան։
«Օրենսդրական նախաձեռնությամբ էլ հնարավոր է հանդես գանք, որովհետև շատ երկրներում կան մի շարք ոլորտներ, որոնք չպետք է քաղաքականացված լինեն՝ կրթություն, առողջապահություն, Զինված ուժեր։ Էս ուղղությամբ պետք է աշխատենք։ Քաղաքական կամքի դեպքում շատ արագ հնարավոր է լուծումներ գտնել», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է բուհերին, ապա, ըստ նորանշանակ նախարարի, այդ խնդիրն այստեղ էլ կար․ - «Անցած տարի, երբ որ բերեցին բարձրագույն կրթության մասին օրենքը, նույնպես թեթև շունչ քաշեցինք, որովհետև էդ օրենքով չէր նախատեսվում պետական պաշտոնյաների ներկայացումը համալսարանների կառավարման խորհուրդներում, և այսպես կրթության նախարարությունը, կառավարությունը, մի արտասովոր պաթոսով, ներկայացնում էին, որ ազատականացնում են դպրոցները, դպրոցներն ավելի ինքնավար կարող են լինել, ակադեմիական ազատություններն ավելի շատ կարող են լինել։ Մի քիչ հավատացել էինք էս ամենին, բայց դեկտեմբերի 25-ին էն բանից հետո, երբ որ արդեն նախկին նախագահի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը մնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, մնալու է նույնիսկ, եթե վարչապետ ընտրվի, բերել էին փոփոխություններ, որտեղ հատուկ նշվել էր, որ ԵՊՀ կառավարման խորհուրդը պետք է ունենա ձևավորման հատուկ կարգ, և այստեղից հասկացանք, որ Սերժ Սարգսյանն այստեղից էլ չի ուզում հեռանալ, բայց պատմությունը ցույց տվեց, որ դա էլ ամենևին իր ցանկությամբ չէր, և ուրեմն էդ փոփոխությունն արեցին։ Հետո Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարան գնալուց առաջ իր վերջին վատությունն արեց Ազգային ժողովում և առաջարկեց մի փոփոխություն, որ այնուամենայնիվ մեկ կամ երկու պաշտոնյա պետք է լինեն խորհրդում։ Հիմա էս օրենքը կիսատ ձևով, աղճատված ձևով գտնվում է Ազգային ժողովում, և մեր առաջնահերթություններից է, որպեսզի մենք օրենքը բերենք նախկին տեսքի, այսինքն՝ կառավարման խորհուրդներում չլինեն պետական պաշտոնյաներ»:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.