Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով մայրաքաղաքի երկու հայտնի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած գործողությունների դեմ, որոնք ոմանք համարում են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում:
Շուրջ 4 հազար մարդ էր երեկ հավաքվել խորհրդարանի շենքի առջև՝ ի պատասխան ոստիկանության գիշերային գործողությունների: Նրանք պահանջում են վարչապետի և ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հայտնի «Բասիանի» և «Կաֆե Գելըրի» ակումբներում երեկ գիշերն իրականացված այդ գործողությունների արդյունքում ձերբակալել է ենթադրաբար թմրանյութերի վաճառքով զբաղվող 8 մարդու:
Վերջին շաբաթներին Թբիլիսիում թմրանյութերի օգտագործման հետևանքով մի քանի մարդ է մահացել: