Ոչ միայն կառավարության, այլ նաև մարզային իշխանությունների ձևավորմամբ է պայմանավորված ազատ և արդար ընտրությունների անցկացման ապահովումը: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, կարևորելով կադրային ճիշտ քաղաքականությունը նաև մարզերում։
«Դա անհրաժեշտ է զուտ մի բանի համար: Պետք չէ փոփոխություն՝ փոփոխության համար: Քանի որ ժամանակավոր կառավարության հիմնական նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացումն է, ապա պետք է դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել»,- ասաց Սաքունցը, հավելելով՝ չպետք է թույլ տալ, որ կրկնվի նախկին գործելաոճը, երբ տեղի իշխանություներն աշխատում էին մեկ կուսակցության օգտին:
Սաքունցը շեշտում է՝ ոչ միայն մարզպետների ու նրանց տեղակալների, այլև վերջիններիս ենթակայության տակ գործող ստորաբաժանումների ղեկավարների փոփոխություններ են անհրաժեշտ, հատկապես կրթության և առողջապահության ոլորտներում: Հենց այդ համակարգերն են նախկինում, ըստ իրավապաշտպանի, մշտապես ներգրավված եղել ընտրական պրոցեսներում՝ հօգուտ իշխանական կուսակցության։ «Բոլորիս աչքի առաջ էր, թե կրթական համակարգն ինչպես էր օգտագործվում իշխող կուսակցության շահերի համար: Շատ դպրոցների տնօրեններ ՀՀԿ-ի ներկայացուիցչներ են: Փոխվե՞լ է նրանց վարքագիծը, իհարկե ոչ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք՝ Լոռու հանրապետական մարզպետ Արթուր Նալբանդյանն «Ազատությանն» ասել էր, որ չի աշխատի նորանշանակ վարչապետի հետ, քանի որ նրանք տարբեր թիմեր են ներկայացնում։ Հարցին՝ կա՞ն արդյոք երաշխիքներ, որ հիմա էլ իշխանության եկած կուսակցությունը չի ունենա գերիշխող ազդեցություն ընտրությունների ժամանակ, իրավապաշտպանը պատասխանեց՝ դա մարզային կառույցներում ընդամենը մթնոլորտի փոփոխության խնդիր է․ «Ընդհանրապես մարզպետարանները չպետք է լինեն կուսակցականացված, պետք է բացառել նաև կրթական համակարգում կուսակցականացումը: Դա պետք է լինի մթնոլոտի փոփոխման արդյունքում»:
Երեկ իրավապաշտպանը սուր քննադատության էր ենթարկել Վալերիյ Օսիպյանին Հայաստանի ոստիկանապետ նշանակելու մասին վարչապետի որոշումը։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղերձում այդ որոշումը հիմնավորել էր նրանով, որ «Օսիպյանը կոռումպացված չէ ու որևէ կլանի անդամ չէ»։ Արթուր Սաքունցի համար ընդունելի են Փաշինյանի հիմնավորումները, բայց նա, միևնույն ժամանակ, շեշտում է՝ վերապահում ունի դրանց նկատմամբ։
«Ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ,Վալերիյ Օսիպյանն անմիջականորեն մասնակից է եղել խաղաղ ցուցարարների իրավունքների ոտնահարմանը և նա այդ պատասխանատվությունը պետք է կրի: Եթե իր գործելակերպով կփոխի վերաբերմունքն ու կհասնի բարեփոխումների, դա կարող եմ համարել որպես մեղմացուցիչ հանգամանք՝ հետագայում պատասխանատվություն կրելու տեսանկյունից»,- ասաց Սաքունցը:
Նրա ղեկավարած իրավապաշտպան կառույցը պատրաստվում է քննության առարկա դարձնել անցած տարիներին բողոքի ակցիաների ու ցույցերի ժամանակ ոստիկանության, այդ թվում Վալերիյ Օսիպյանի գործողություններն ու պահանջել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։