Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները դրական են գնահատում Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի նշանակումը։ Ասում են՝ պատրաստ են համագործակցել և արդեն բարեփոխումների իրենց առաջարկներն ունեն։
2016-ին վիրավորված Հայկ Թորոսյանի խոսքով՝ համազգեստի փոփոխությամբ համակարգ չի փոխվի։ Նա առաջարկում է նախ շեշտը դնել սերժանտական դպրոցի զարգացման վրա։ «Սերժանտական դպրոցը, զինվորների ուչեբկաները, կարանտինը պետք է զարգացնել, ավելի խորացված ուսուցում է պետք»,- ասում է Թորոսյանը:
Պաշտպանության նոր նախարարի հետ նա անձնապես չի շփվել, բայց տարբեր մարդկանցից լսել է, որ խելացի մարդ է․ «Հուսամ բանակի հիմնական խնդիրները կհասկանա, կներշնչվի բանակի ոգով և այնպես կանի, որ բանակը ծաղկի, ժողովուրդ-բանակ կապն ավելի ամրապնդվի»:
Ապրիլյան պատերազմի մեկ այլ մասնակից՝ Մանուել Մանուկյանն էլ խիստ հրատապ է համարում զինվորների կրթության հարցը: Նաև առաջարկում է սպաներին տալ արժանապատիվ աշխատավարձ, որպեսզի նրանք ստիպված չլինեն լքել բանակը։ «Սպա կա, տասնայակ տարիներով առաջնագծում է և նույն պաշտոնով, նույն կոչումով է մնում, ինչ է թե՝ ծանոթ-բարեկամ չունի, սպան պետք է իրեն գնահատված զգա»,- ասում է Մանուկյանը:
Նրա համոզմաբ՝ այսօր բանակը նոր ծրագրերի կարիք չունի․ խնդիրը արդեն եղած ծրագրերի իրագործումն է․ «Լավ ծրագրեր ունենք, լավ չեն կատարվում ուղղակի: Եթե դրանք լիարժեք իրականացնեն, իրոք ֆանտաստիկ արդյունքներ կունենանք բանակում»:
Իր վրա դեռ իշխանությունների անուշադրության հետևանքներն է զգում ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվածներից Դանիել Դավթյանը։ Որպես առաջին կարգի հաշմանդամ, նա ևս անվճար տուն պետք է ստանար պետությունից։ Դեռ սպասում է։
«Ես նախարարությունից դես պատասխան չեմ ստացել»,- ասում է Դանիելը, հավելելով, թե նոր նախարարից ակնկալիքներ ունի: Նա հույսի ունի, որ Դավիթ Տոնոյանն ավելի մեծ ուշադրություն կդարձնի վիրավորում ստացած զինվորներին, և վերջիննրես կզգան, որ կա մի կառույց, որին կարող են ապավինել։