Մատչելիության հղումներ

«ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում Ընտրական օրենսգրքին առնչվող»


Չկա այնպիսի օրենսդրական նախաձեռնություն, որը Հանրապետականը պատրաստ չէ քննարկել: Բացառություն չէ նաև Ընտրական օրենսգրքին առնչվող հնարավոր փոփոխությունները: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ կառավարություն ձևավորելուց հետո իրենց առաջնային խնդիրն է լինելու հենց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը՝ արտահերթ ընտրություններն արդար, ազատ և օրինական կերպով անցկացնելու, ընտրակաշառքն ու կրկնաքվեարկությունը բացառելու համար: Փաշինյանը խոսել է նաև վիճահարույց ռեյտինգային համակարգը վերացնելու անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանում ավարտվել է այդ դարաշրջանը, երբ կառավարությունն իր սուբյեկտիվ ընկալումները պարտադրում էր ուրիշներին: Ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որը պետք է լայն հավանության արժանանա: Մեր նպատակը հետևյալն է՝ Ընտրական օրենսգիրքը պետք է երաշխավորի ընտրությունների ազատությունը, արդարությունը և թափանցիկությունը»,- ասել է Փաշինյանը:

Ռեյտինգային համակարգին դեմ են արտահայտվել խորհրդարանում ներկայացված չորս ուժերից երեքը, սակայն նրանց ձայները միասին բավարար չեն սահմանադրական այս օրենքում փոփոխությունները հաստատելու համար: Հանրապետականը մինչ այժմ մերժել է ռեյտինգային համակարգը վերացնելուն ուղղված բոլոր նախագծերը: Արդյո՞ք այժմ ԱԺ-ում մանդատների կեսից ավելիին տիրապետող Հանրապետականը կհամաձայնի քվեարկել ռեյտինգային համակարգը վերացնելու օգտին: Էդուարդ Շարմազանովն ասում է՝ պատրաստ են քննարկել առաջարկվող փոփոխությունները, երբ դրանք ներկայացվեն:

«Հանրապետականը լուրջ քաղաքական ուժ է, դեռ փաստաթուղթը չտեսած մենք չենք կարող ասել՝ էս կետին կողմ ենք, էս կետին դեմ ենք: Կլինեն քաղաքական բանակցություններ: Ես կարծում եմ, որ քաղաքական պարկեշտությունը և գործընկերային կուլտուրան պահանջում են, որ մենք քաղաքական ուժերով, ոչ միայն տեսախցիկների առաջ, այլև առանց դրանց, աշխատանքային մթնոլորտում քննարկենք դա: Ի վերջո՝ այդ ամենը գալու է պետաիրավական հանձնաժողով, լսումներ են լինելու, կնստենք, կքննարկենք: Չի լինելու Հայաստանում մի օրենսդրական նախաձեռնություն, որը մենք պատրաստ չենք քննարկել: Բացառությամբ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք, Աստված մի արասցե, կվտանգեն Հայաստանի կամ Արցախի անվտանգությունը կամ բանակաշինությունը»,- ասաց Շարմազանովը:

Արդյո՞ք Հանրապետականի համար ընդունելի կլինի Ընտրական օրենսգիրքն առանց ռեյտինգային համակարգի: Ըստ ՀՀԿ խոսնակի, իրենց համար սկզբունքը ժողովրդավարությունն է՝ կամայականորեն ոչ կողմ կքվեարկեն, ոչ՝ դեմ: Գործող ԸՕ-ն, նրա խոսքով, միջազգային փորձագիտական որևէ կենտրոնի կողմից քննադատության չի ենթարկվել, «բայց մենք բաց ենք քննարկումների համար»,- ասաց Շարմազանովը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ միշտ էլ դեմ են եղել ռեյտինգային համակարգին և կարևոր են համարում, որ այդ համակարգը հնարավորինս արագ դուրս բերվի օրենսգրքից: «Միշտ ասել, հիմա էլ պնդում ենք, որ ռեյտինգային ընտրակարգը չի նպաստում ընտրություններում քաղաքական բաղադրիչի գերակայությանը: Դա ավելի շատ նպաստել է նրան, որ ԱԺ-ում հայտնվեն թաղային հեղինակությունները»,- ասաց Պետրոսյանը:

Նա միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ այդ գործընթացը բավական երկար ժամանակ կպահանջի, և արտահերթ ընտրություններ դժվար կլինի անցկացնել սեղմ ժամկետներում ու նոր Ընտրական օրենսգրքով: «Սա չընդունեք, որպես խմբակցության կարծիք, բայց ես կարծում եմ, որ առնվազն մեկ տարի հասարակությունը լուրջ ցնցումներից ազատ պահելու նկատառումով կարելի է թույլատրել, որ վարչապետը շարունակի գործունեությունը: Եթե ինքն իրականացնի ժողովրդաշահ ծրագրեր, ամենևին էլ նոր ընտրությունների կարիք չի լինի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը, ընդգծելով՝ նոր ընտրությունների կազմակերպման համար «ողջամիտ ժամկետները շատ սահմանափակ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG