Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր հետ զրույցներից, հանդիպումներից հետո Մոսկվայի մտահոգությունները հայաստանյան հեղափոխության և և իր կառավարության արտաքին քաղաքականության վերաբերյալ կվերանան։
Россия24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Մոսկվայում մտահոգություններ կան, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փոփոխություն կկրեն, Փաշինյանը, մասնավորապես, ասել է. ֊ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը։ Ես հասկանում եմ, որ կան մտավախություններ, և ես կարծում եմ, որ մեր զրույցներից, մեր հանդիպումներից հետո Մոսկվայի այդ անհանգստությունները կվերանան, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում ամեն ինչ փոխվելու է դեպի լավը»։
Փաշինյանը նշել է, թե շատերը կարող են ասել, որ հայ֊ռուսական հարաբերությունները արդեն իսկ շատ լավ են և ոչ մի բան փոխել հարկավոր չէ ու հավելել է. ֊ «Բայց ես կարծում եմ, որ մեծ պոտենցիալ կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, և ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ»։
Լրագրողի դիտարկմանը, թե Ազգային ժողովում իր ղեկավարած քաղաքական ուժը արևմտամետ ուժի համբավ ունի, Հայաստանի վարչապետը արձագանքել է. ֊ «Կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է։ Ես միշտ ասել եմ, որ ես հայամետ քաղաքական գործիչ եմ։ Ես նաև ասել եմ, որ ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ էլ իրանամետ։ Ես հայամետ քաղաքական գործիչ եմ»։
Փաշինյանը ընդգծել է, որ ինքը չի ներկայացնում ինչ֊որ կոնկրետ քաղաքական ուժ, այլ ներկայացնում է Հայաստանի ժողովրդին և ժողովրդական շարժումը, որը չի դրել որևէ արտաքին քաղաքական խնդիր։