Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կառավարությունը այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում


Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ Կառավարության առաջին նիստը լրագրողների համար բաց էր:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի՝ այս պաշտոնը ստանձնելուն ընդառաջ իշխանությունները օրենքով լրատվամիջոցների առջև փակել էին գործադիրի դռները: Փաշինյանը Կառավարություն եկավ ոտքով, շենք մտավ կենտրոնական մուտքից, շփվեց գործադիրի առջև հավաքված մարդկանց հետ:

Հատուկ ուղերձ Կառավարության հեռացող անդամներին վարչապետը չհղեց, թավշյա հեղափոխությանը չանդրադարձավ․ - «Տիկնայք և պարոնայք, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, կառավարությունը այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Հաջողություն եմ մաղթում նոր ձևավորվող կառավարությանը»:

Օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը իր կուսակիցներին մի շարք պաշտոններում է նշանակել՝ Արարատ Միրզոյանը առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը փոխվարչապետ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Պաշտպանության, Արայիկ Հարությունյանը Կրթության և գիտության, Մխիթար Հայրապետյանը սփյուռքի, Սուրեն Պապիկյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Կառավարության նիստից նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջավ լրագրողների հետ շփվելու, հայտնեց, որ իր կառավարությունում ներկայացված կլինի նաև «Ծառուկյան» դաշինքը․ - «Ոչ թե կոալիցիոն: Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Մենք կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք, և «Ծառուկյան» դաշինքը, իհարկե, ներգրավված կլինի: Դաշնակցության հետ քննարկումները շարունակվում են»:

Կառավարության կազմավորումից հետո Նիկոլ Փաշինյանը քսանօրյա ժամկետում ծրագիր է ներկայացնելու Ազգային ժողովին և ասաց, թե չի ցանկանում, որ դրա հաստատումը տապալվի, ինչից հետո խորհրդարանը կարող է ցրվել:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում արտահերթ ընտրություններից․ - «Շատ հնարավորություններ կան: Եթե դուք Սահմանադրությունը ուշադիր կարդաք, կարծում եմ, կտեսնեք, որ այդ հնարավորությունները կան»:

Հարցին, թե ինչ ժամկետներում է տեսնում արտահերթ ընտրությունները, վարչապետն արձագանքեց․ - «Քննարկումների արդյունքում կորոշենք: Ամենասեղմ, բայց տրամաբանական ժամկետներում»:

Վարչապետն այսօր անդրադարձավ Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշմանը հաջորդած քննադատություններին․ - «Պարզ էր, որ որևէ ոստիկանապետի որոշում միանշանակ չէր ընդունվելու, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ոստիկանության պետի պաշտոնում պետք է նշանակվեր ոստիկանության գործող համակարգից որևէ մեկը, և պարզ էր, որ որևէ նշանակում միանշանակ գնահատականի չէր արժանանալու: Ես, ինչպես խոստացել եմ, այսօր այդ թեմայով մեր հանրության հետ զրույց կունենամ»:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ աղմկահարույց մի շարք պատմություններում հայտնված փոխոստիականապետ Լևոն Երանոսյանը կազատվի պաշտոնից:

Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Կառավարության նիստից հետո հայտարարեց՝ համաձայնել է պաշտոնը ստանձնել, որ ցույց տա՝ ոստիկանությունը իսկապես կանգնած է ժողովրդի կողքին, Օսիպյանը պատրաստ է պատասխանատվության կանչել գործընկերներին:

«Եթե ապացուցվի, որ որևէ մի անձնավորություն, անկախ նրանից, թե դա պարոն Երանոսյանն ա, թե գնդապետ Օսիպյանն ա, թե որևէ մեկն ա, օրենքի առջև բոլորը հավասար են, պետք է պատասխանատվություն կրեն», - ասաց նա:

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ցանկություն չունի պաշտոնավարել, իսկ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը սպասում է առաջարկի:

Կառավարության այսօրվա նիստին եկել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում հրաժարականի պահանջն այս օրերին հնչում է: Քաղաքապետը, սակայն, ասաց՝ մտադիր չէ հետևել իր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի օրինակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG