Հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության, Կվիրիկաշվիլին շնորհավորել է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերությունների առավել խորացման կարևորությունը:
Հայաստանի վարչապետն, իր հերթին, նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին:
Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել է՛լ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները:
Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում։