Մատչելիության հղումներ

Կադիրովն առաջարկում է Պուտինին նախագահության երրորդ ժամկետի հնարավորություն ընձեռել


Վլադիմիր Պուտին և Ռամզան Կադիրով, արխիվ
Վլադիմիր Պուտին և Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի խորհրդարանը երեկ որոշում է կայացրել Ռուսաստանի Պետդումա ներկայացնել ՌԴ Սահմանադրության փոփոխության մասին նախաձեռնություն։ Նախաձեռնության համաձայն՝ անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունում նախագահության ժամկետի մասին կետը և թույլ տալ, որ նույն անձը նախագահ ընտրվի երեք ժամկետ անընդհատ՝ այսօրվա երկուսի փոխարեն։

Չեչնիայի խորհրդարանում որոշումը միաձայն է ընդունվել, իսկ նախաձեռնության հեղինակը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն է, ով ավելի վաղ հայտարարել էր՝ այդ փոփոխությունը որևէ ձևով չի սահմանափակում ժողովրդավարությունը և թույլ է տալիս ժողովրդին իր ապագայի շուրջ որոշում կայացնել։ Կադիրովը հավելել է՝ այսօր գործող նախագահ Վլադիմիր Պուտինին այլընտրանք չի տեսնում և տեղին չի համարում նրա նախագահության սահմանափակումը երկու ժամկետով։

Թե երբ կքննարկվի Պետդումայում Չեչնիայի պառլամենտի նախաձեռնությունը, դեռ հայտնի չէ․ այն դեռ ակտիվ քննարկում չի անցել և ներքաղաքական օրակարգ չի մտել:

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի չորրորդ երդմնակալությունը։ Ռուսաստանի Սահմանադրության համաձայն՝ 65-ամյա Պուտինը երկիրը ղեկավարելու է մինչև 2024 թվականը, երբ նա պետք է թողնի Կրեմլը, եթե մինչ այդ որևէ ձևով չփոխի Սահմանադրությունը՝ պետության ղեկն իր ձեռքում պահելու համար։

2008 թվականին Պուտինը, հիշեցնենք, արդեն ստիպված էր եղել թողնել Կրեմլը: Այն ժամանակ նա դեռ երիտասարդ էր և չորս տարով նախագահությունը դե յուրե հանձնել էր իր մտերիմ, կրտսեր թիմակից Դմիտրի Մեդվեդևին:

Մեդվեդևը նախագահության արդեն իսկ առաջին տարում փոխել էր Սահմանադրությունը, ինչը թույլ տվեց Պուտինին 2012-ին նախագահ ընտրվել արդեն վեց տարի ժամկետով՝ նախկին չորսի փոխարեն: Այս տարվա մարտին կայացած նախագահական ընտրությունները Պուտինի համար չորրորդ ընտրություններն էին:

Մոսկվայում քչերն են կասկածում, թե 2024-ին 72 տարեկան Պուտինը կգնա թոշակի, սակայն ամենատարածված հնարավոր սցենարը ոչ թե անընդմեջ նախագահության երկու ժամկետը երեք դարձնելն է, այլ՝ նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG