Մատչելիության հղումներ

«Ես համաձայնեցի, որ ցույց տամ մեր հանրությանը՝ ոստիկանությունն իսկապես կանգնած է մեր ժողովրդի կողքին». Օսիպյան


«Ես համաձայնեցի, որ ցույց տամ մեր հանրությանը, որ ոստիկանությունն իսկապես կանգնած է մեր ժողովրդի կողքին», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ համաձայնեց ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանապետ դառնալու առաջարկը։

Օսիպյանը նաև ասաց, որ որոշում կայացնելուց առաջ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ առաջարկը չի քննարկել։

Նորանշանակ ոստիկանապետը նշեց՝ սկսելու է հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարից։

«Ոստիկանության գործառույթները բազմաթիվ են, շատ են։ Պարոն վարչապետը խնդիրներ է դրել ոստիկանության առջև, առաջնահերթը դա հանցավորության դեմ պայքարն է, կոռուպցիան, կոռուպցիայի դեմ պայքարը, այ նման հարցերից ենք սկսելու», - ասաց Օսիպյանը՝ շարունակելով. - «Քանի որ ես մայրաքաղաքի արտաքին ծառայության պատասխանատուն եմ եղել, է՛լ ավելի շատ հասարակական անվտանգությունն ապահովելու խնդրով եմ զբաղված եղել, հիմա ի պաշտոնե է՛լ ավելի խորացված կզբաղվեմ էդ հարցով, և հույսով եմ, վստահեցնում եմ ձեզ՝ կոռուպցիան կվերանա»։

Լրագրողի հարցին, թե «ցույցերի ժամանակ կային խմբեր, օրինակ՝ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետինը, Մհեր Սեդրակյանի, որոնք խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ էին կիրառում, տեսանյութերը երևի տեսել է, էս խմբերի ճակատագիրն ի՞նչ է լինելու», Օսիպյանը պատասխանեց. - «Տեսել եմ, անկեղծ ասած, բայց ոչ լրիվ եմ տեսել, քանի որ ես հնարավորություն չեմ ունեցել, գտնվել եմ փողոցում՝ ժողովրդի կողքին, եթե կան նման դեպքեր, չանձնավորենք ով՝ ով է, օրենքի առջև բոլորը հավասար են, պետք է պատասխան տան»։

Ճշտող հարցին, թե կլինե՞ն տեղակալների, վարչության պետերի փոփոխություններ, ոստիկանապետը պատասխանեց. - «Ինձ թվում է՝ այո, կլինեն փոփոխություններ»։

«Ազատության» հարցին, թե Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անելո՞ւ է, ոստիկանապետը պատասխանեց. - «Կադրային փոփոխություններ միշտ էլ ոստիկանությունում լինում են»։

«Ազատության» դիտարկմանը, թե Լևոն Երանոսյանի պատասխանատվության հարցը տարիներ շարունակ հնչում է, Օսիպյանն այսպես արձագանքեց. - «Նորից եմ կրկնում, եթե դա ապացուցվի, որևէ մի անձնավորություն՝ անկախ նրանից, թե դա պարոն Երանոսյանն է, թե գնդապետ Օսիպյանն է, թե որևէ մեկն է, օրենքի առջև բոլորը հավասար են, պետք է պատասխանատվություն կրեն»։

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը առաջարկություն ներկայացրեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնում նշանակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, այդ պաշտոնից ազատել Վլադիմիր Գասպարյանին։ Նախագահը ստորագրեց այդ հրամանագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG