Աղջիկը վիրահատվելու համար Իրան էր մեկնել, իսկ վերադառնալուց հետո շարունակել էր մասնակցել Փաշինյանի առաջնորդած ցույցերին ու քաղաքացիական անհնազանդության գործողություններին:
«Ազատության» հետ զրույցում Իլենն ասել էր, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո մեկ ցանկություն ունի՝ տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ լուսանկարվել: Արձագանքը ստացավ այսօր։ Ասում է՝ չէր էլ սպասում, որ հանդիպումը տեղի կունենա․ - «Էսի ուղղակի անակնկալ էր, ընդհանրապես չէի սպասում: Էն էլ էս օրերին, որ նոր ա ամեն ինչ, ընդհանրապես չէի պատկերացնում։ Անակնկալ էր։ Շատ զարմացա, որովհետև գիտեմ իրա 2-3-րդ օրն է: Չէի մտածում, որ էդքան գործերի մեջ կթողնի, որ հանդիպեմ իր հետ»։
«Շատ լավ էր տպավորությունները», - հանդիպումից հետո ասաց Իլենը: - «Այո, իսկապես ցանկությունս կատարվեց ու իրա հետ նկարվեցինք, ինչպես ասել էի շատ էի ուզում։ Իրա ամեն մի խոսքերը շատ թանկ արժի իմ համար»։
18-ամյա աղջիկը ևս մեկ անգամ պետք է վիրահատվի: Ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ հաղթանակից հետո անգամ չի էլ մտածել, որ դեմքն այլևս նախկինը չէ և սպին շարունակելու է հիշեցնել ապրիլի 16-ի դեպքերը։ Ասում է՝ Հայաստանը դեպի լավը փոխելու համար պատրաստ է միշտ պայքարել։