Վանաձորի քաղաքապետ, հանրապետական Մամիկոն Ասլանյանի կարծիքով «ազգի շահերից բխող ժողովրդի կամքի ցանկացած դրսևորում ողջունելի է»: Այս մասին նա նշեց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ խուսափելով հստակեցնել, թե ինքն այսուհետ ընդդիմություն, թե իշխանություն է ներկայացնում:
«Մենք քաղաքային իշխանություն ենք», - նշեց նա:
Անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման օրերին Վանաձորում անցկացված ցույցերի ժամանակ Մամիկոն Ասլանյանը հաճախակի դուրս էր գալիս քաղաքի կենտրոնական հրապարակ և ցուցարարներին հորդորում դադարեցնել բողոքի ակցիաները, շեշտելով, որ դրանք անիմաստ են։
Դեռ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ՝ ապրիլի 17-ին, երբ ցույցերն սկսեցին ավելի բազմամարդ դառնալ, քաղաքապետը հրապարակում հավաքվածներին փորձում էր համոզել, որ հեղափոխությունը դրական արդյունքների չի հանգեցնի։
«էնա՝ ստի պատմաբան, կիրթ մարդիկ են. որևէ հեղափոխություն որևէ ժողովրդի համար դեռևս դրական ազդեցություն չի ունեցել։ Էսօր կառավարությունը ձևավորվում ա ԱԺ-ի միջոցով, ոչ թե էս մարդու կամ մյուսի միջոցով։ Հմի ոնց որ ես եկել եմ քաղաքապետ, դու ինձ ասես էս բաժնի վարիչը ես չեմ ուզում դա ըլնի։ Ժողովուրդ ջան մի քիչ պետական ձևի մտածեք», - ցուցարարներին հորդորում էր նա:
Արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Վանաձորի քաղաքապետը դուրս էր գալիս և հայտարարում, թե ինքը «ժողովրդի հետ է»։
Այսօր, երբ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին վարչապետ է ընտրել և նոր կառավարություն պիտի ձևավորի, Մամիկոն Ասլանյանը խորհուրդ է տալիս շարժվել իրողությունների հետ և խուսափում պատասխանել՝ այդ իրողությունը դրակա՞ն, թե՞ բացասական հետևանքների կբերի։
«Դա լավի կբերի, թե վատի, որևէ մեկս չենք կարող ասել։ Բերեք՝ գնահատականներ չտանք, շարժվենք իրողությունների հետ... Ժողովուրդը ցնծության մեջ է, ժողովուրդը ուրախության մեջ է։ Բոլորս ենք ականատես եղել։ Մենք արդեն ունենք էս պահին ընտրված վարչապետ, որը ինքը կորոշի իր հետագա անելիքները։ Այ էդ ժամանակ բոլորս միասին գնահատականներ կտանք՝ ժողովրդի խանդավառությունը գնում է ճիշտ ուղիո՞վ, թե ինձ էլի հարցեր եք տալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետը:
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ է ընտրվել մեկուկես տարի առաջ՝ Վանաձորի 33 հոգանոց ավագանու փակ գաղտնի քվեարկությամբ։ Նրա օգտին քվեարկել էր ավագանու 19 անդամ։