Մատչելիության հղումներ

Ղազախստանում ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել


Բողոքի ակցիաներ Ղազախստանի խոշոր քաղաքներում․ ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ մարդկանց՝ այդ թվում պատահական անցորդների:

Ցուցարարները բողոքի չարտոնված երթերի են դուրս եկել «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ամո՛թ կառավարությանը» և «Վե՛րջ կտտանքներին» կարգախոսներով՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ճաղերի ետևում պահվող քաղաքացիներին:

Աստանայում և նախկին մայրաքաղաք Ալմաթիում, իրավապահները անմիջապես միջամտել և ցրել են ցուցարարներին ու բերման ենթարկել մեծ թվով քաղաքացիների: Հաղորդվում է, որ միայն Ալմաթիում ձերբակալվածների թիվը շուրջ ութսուն է:

Կինը, ում անչափահասների հետ միասին ոստիկանները մտցնում էին ավտոբուս, գոռում էր՝ «Չե՞ք տեսնում, որ փոքր է, ի՞նչ եք անում, նա 12 տարեկան է», փոխանցում է Ազատություն ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակիցը: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը:

Բողոքի այս ակցիաների կազմակերպիչը երկրում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր շարժումն է, որի հիմնադիրը վտարանդի քաղաքական գործիչ, ղազախստանյան իշխանությունների ընդդիմախոս Մուխթար Աբլյազովն է:

Անցած մարտին Ղազախստանի դատարանի կողմից ծայրահեղական կազմակերպություն հռչակված ընդդիմադիր շարժման առաջնորդը հայրենիքում հեռակա կարգով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ խոշոր չափի գումարներ հափշտակելու մեղադրանքով:

Նա հայրենակիցներին ուղղված տեսաուղերձների միջոցով պնդում է, որ փաստացի 1989 թվականից Ղազախստանը ղեկավարող Նուրսուլթան Նազարբաևը պետք է հեռանա իշխանությունից՝ իր հետ տանելով տարիներ շարունակ երկրում բարձր պաշտոններ զբաղեցնող ազգակցականներին և մերձավորներին: Աբլյազովը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է նաև Ղազախստանի իշխող վերնախավի մասնակցությամբ կոռուպցիոն բացահայտումներ:

Մուխթար Աբլյազովի գլխավորած շարժումը Ղազախստանում բողոքի այս ակցիաները կազմակերպել է Եվրախորհրդարանի պաշտոնական առաքելության այցին ընդառաջ, որն ինչպես ակնկալվում է՝ պետք է գնահատի Եվրամիության և Ղազախստանի միջև համագործակցության և գործընկերության համաձայնագրի պայմանների կատարումը:

Համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է Ղազախստանում քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ապրիլի 25-ին էլ ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ կոչ են արել Նազարբաևի վարչակազմին իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ այդ թվում խոսքի ազատության ապահովման, խաղաղ հավաքների հարցով, ինչպես նաև վերջ տալ սոցիալական ցանցերի արգելափակումներին:

Միջազգային իրավապաշտպան կառույցները Նազարբաևի վարչակազմին մեղադրում են շուրջ երեք տասնամյակ շարունակ երկրում այլակարծությունը, հիմնարար ազատությունները ճնշելու մեջ: Լրագրողական մի շարք կազմակերպություններ Նազարբաևին դասում են «Մամուլի գիշատիչների» թվին՝ քննադատական խոսքը լռեցնելու և անկախ լրատվամիջոցներին ճնշելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG