Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանն ու Գեորգի Կուտոյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից


Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր ստորագրեց ՀՀ ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկությունները:

Թե ովքեր կփոխարինեն Գասպարյանին և Կուտոյանին այդ պաշտոններում, առայժմ պարզ չէ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը չցանկացավ հստակեցնել, թե որոնք են այս պաշտոնանակությունների դրդապատճառները՝ շեշտելով․ - «Բոլորին էլ պարզ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման որոշում կայացրել»:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք այդ նշանակումները չպետք է կատարվեին խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ուժային կառույցների հետ կապված նշանակումները պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջարկված անձանց շրջանակում և վարչապետի որոշմամբ, որովհետև ուժային կառույցները ենթակա են անմիջապես վարչապետին․ - «Հետևաբար քաղաքական գործընկերների և այսպես կոչված համաձայնության կառավարության շրջանակներում այդ պաշտոնների քննարկման մասին խոսք չի եղել»:

Իսկ հարցին, թե ում է առաջարկելու վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններում, որ նաև ընդունելի լինեն հանրության համար, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքները հստակ սահմանում են այն չափանիշները, որով պետք է ընտրություն կատարվի: Տվյալ դեպքում թեկնածուն առնվազն գնդապետի կոչում պետք է ունենա կամ վերջին 3 տարվա ընթացքում այդ համակարգում աշխատանքային փորձ:

Ինչ վերաբերում է անձերին, ապա Սիմոնյանի փոխնացմամբ, իրենք քննարկումները անձերից դուրս են իրականացրել, և վարչապետը հաշվի է առել զուտ պորֆեսինալ գործունեությունը:

«Անուններ տալ իմ կողմից ճիշտ չի լինի», - ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ կան կոնկրետ թեկնածուներ:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ, նոր կառավարության ձևավորման շուրջ խորհրդարանական ուժերի հետ քննարկումները շարունակվում են: Պատասխանելով հարցին, թե արդյոք նրանց մեջ է նաև խորհդարանում մեծամասնություն կազմող Հանրապետականը, Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր վարչապետն այդ հարցը պետք է քննարկեր Հանրապետական խմբակցության ղեկեվարի հետ:

Ավելի ուշ Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են նաև կառավարության ձևավորման հետ կապված հարցեր: Բաղդասարյանի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ ինքը վերահաստատել է, որ որևէ կերպ չեն խոչընդոտելու նոր կառավարության աշխատանքին, հակառակը՝ օժանդակելու են: Ավելին, Հանրապետական խմբակցության ղեկավարը շեշտեց, որ իրենք չեն խոչընդոտի, եթե Հանրապետական կուսակցության որոշ անդամներ ընդգրկվեն նոր կառավարության կազմում․ պարզապես պայման է դրվելու, որ այդ անձինք կասեցենեն իրենց անդամակցությունը ՀՀԿ-ին:

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, ըստ Բաղդասարյանի, որևէ թեկնածու չի առաջադրի և հետևաբարար որևէ պատասխանատություն չի կրի Փաշինյանի կառավարության գործունեության համար:

Ւ դեպ, Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, թե Հանրապետականը նաև կառուցողական դիրքորոշում կցուցաբերի առաջիկայում խորհրդարան ներկայացվելիք կառավարության օրենսդրական նախաձեռնությունների նկատմամբ: Ասաց, որ արդեն իսկ խմբակցության պատգամավորներին, խորհրդարանի հանձնաժողովների նախագահներին հորդորել է, որ իրենց աշխատանքը պետք է լինի այդ ոճով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG