«Սերժ Սարգսյանի հրաժարականին նախորդող օրերին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսային բանակցություններ են վարել թե՛ բողոքի գործողությունների ղեկավարների և թե՛ Հայաստանի իշխող վերնախավի ներկայացուցիչների հետ», - պնդում է Reuters գործակալությունը` քաղաքական և դիվանագիտական շրջանակները ներկայացնող առնվազն երեք աղբյուրներ վկայակոչելով:
Reuters-ի թղթակից Մարգարիտա Անթիձեն, որն, ի դեպ, հայաստանյան իրադարձությունների ողջ ընթացքում Երևանում էր, փորձել է մանրամասներ պարզել Հայաստանի իշխանական շրջանակներում ապրիլի 22-ին և 23-ին ծավալված քննարկումների և այդ օրերի դրամատիկ իրադարձությունների վրա Ռուսաստանի ունեցած ազդեցության մասին:
Reuters-ի թղթակցի բնորոշմամբ, ի տարբերություն 2014 թվականի ուկրաինական իրադարձությունների, Հայաստանում Մոսկվան գերադասեց ավելի զուսպ մոտեցում ցուցաբարել` «չպաշտպանելով իշխանությունների` բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ուժ կիրառելու իրավունքը»:
Բողոքի ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանը զրուցել է Ռուսաստանի դեսպանատան, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկի հետ: Reuters-ի պնդմամբ, այս փաստը հաստատել է բողոքի գործողությունների առաջնորդներից մեկը` Արմեն Գրիգորյանը: «Մենք աշխատել ենք նրանց հետ», - նշել է Գրիգորյանը` նկատի ունենալով ռուսաստանցի պաշտոնյաներին: Reuters-ի թղթակցին նույնատիպ տեղեկություն է հաղորդել նաև Փաշինյանի մերձավոր շրջապատը ներկայացնող մի գործարար, որը, սակայն, չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի:
Այդ նույն օրերին, ըստ Reuters-ի, հայաստանյան իշխանությունները ևս պաշտոնական Մոսկվայի հետ որոշակի շփումների մեջ են եղել․ - «Դիվանագիտական մի աղբյուր, որը չցանկացավ հրապարակել իր անունը, պնդում է, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականին նախորդած 24 ժամերի ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել մոսկվացի պաշտոնյաների հետ»: Դրանց բովանդակությունը, սակայն, գործակալության զրուցակիցը չի բացահայտել:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեր հարցմանը՝ արդյոք Երևանում գտնվող անձանց հետ ճգնաժամի ընթացքում շփումներ եղե՞լ են, թե՞՝ ոչ, չի արձագանքել», - նշում է Reuters-ի հոդվածագիրը` հավելելով․ - «Ռուսաստանի ազդեցությունը հայկական հեղափոխության ընթացքում արձանագրված միակ գործոնը չէր: Սերժ Սարգսյանի թույլ տված սխալները և բողոքի գործողությունների ներուժն էին, որ որոշիչ նշանակություն ունեցան»:
«Reuters-ը որևէ ապացույց չի հայտնաբերել, որ կվկայեր հայաստանյան իրադարձություններին Ռուսաստանի ակտիվ միջամտության մասին: Իրականում, Մոսկվայի չմիջամտելու այդ որոշումը բավարար էր, որպեսզի ուժերի հարաբերակցությունը թեքվի հոգուտ ցուցարարների», - ասված է Reuters-ի հրապարակման մեջ:
Գործակալության թղթակցին նաև հաջողվել է որոշ մանրամասներ պարզել ապրիլի 22-ին կայացած Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման և հաջորդ օրը` Սարգսյանի հրաժարականի միջև ընկած ժամանակահատվածում իշխանական կուլիսներում տեղի ունեցած զարգացումների մասին:
«Այդ 24 ժամերի ընթացքում Սերժ Սարգսյանն ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմակիցների ու պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, ինչն ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարի ավելի լայն լիազորություններ կընձեռեր», - նշում է Reuters-ի հոդվածագիրը` մեջբերելով Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը․ - «Մենք երկու տարբերակ ունեինք` կամ խորհրդարանը արտակարգ դրություն էր հայտարարում, կամ էլ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս: Արտակարգ դրության ռեժիմի հաստատումը, սակայն, ոչ թե խնդրի լուծում կլիներ, այլ՝ դրա հետաձգում»: