Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը շնորհավորելու է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը փոխանցեց․ - «Մենք շնորհավորում ենք մեր ամբողջ ժողովրդին՝ բոլորիս, այդ թվում բնականաբար նաև Նիկոլ Փաշինյանին՝ քրեաօլիգարխիկ ռեժիմի կազմաքանդման ուղղությամբ ունեցած բոլոր նվաճումների կապակցությամբ»:
«Գլխավոր և լիարժեք շնորհավորանքը, սակայն, կարծում եմ կլինի այն ժամանակ, երբ որ ազատ և արդար ընտրություններով ձևավորվի ամբողջովին լեգիտիմ Ազգային ժողով և որն էլ իր հերթին կձևավորի ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն», - «Ազատությանը» փոխանցեց Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ անձամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորական ուղերձ չի հղել, առայժմ Հայաստանի 2-րդ և 3 րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույնպես չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորանք չի հնչել նաև Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության կողմից: Ի դեպ, երեկ Ազգային ժողովում վարչապետ ընտրվելուց հետո անգամ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ամբիոնից չշնորհավորեց Փաշինյանին, մինչդեռ ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո և՛ շնորհավորում, և՛ ծափահարում էր:
Ուշագրավ է, որ Հայաստանի 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: - «Մաղթում եմ բոլորիս խաղաղություն՝ վստահ լինելով, որ մայիսյան հաղթանակների ոգին, հայ ժողովրդի միասնականությունը, համարձակությունը և պատվախնդրությունը ճանապարհ կհարթեն մեր առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման համար», - ասել է Սերժ Սարգսյանը, այդպես էլ որևէ անդրադարձ չկատարելով Նիկոլ Փաշինյանի ընտրությանը:
Նշենք, որ նորընտիր վարչապետին երեկ շնորհավորել են նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Ի դեպ, այսօր Լեռնային Ղարաբաղ կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում տրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երեկ արդեն շնորհավորել են իրեն, մինչդեռ Հայաստանի 3 նախկին նախագահները շարունակում են լուռ մնալ, Փաշինյանն ասաց, թե ճիշտ չէ նույն հարթության վրա դնել 2 հարցերը, քանի որ այդ շնորհավորանքները միջպետական հարաբերությունների համատեքստում են եղել:
Ի դեպ, այսօր Միացյալ Նահանգները շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին որպես նոր վարչապետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:
«Անհամբեր սպասում ենք Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ սերտորեն աշխատելուն երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, ներառյալ՝ աճող առևտուրը, աշխատանքը ի պաշտպանություն ժողովրդավարության և օրենքի իշխանության և տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության պահպանումը», - ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջը, «զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ»:
«Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է Ռուսաստանի նախագահին պաշտոնի ստանձման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ:
Ի դեպ, հեռախոսազրույցի մասին Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք և քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր։ Պայմանավորվեցինք քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում: Ես Ռուսաստանի նախագահին շնորհակալություն հայտնեցի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար»: