«Հանրապետականը մնում է իր դիրքորոշմանը՝ մենք պետք է անենք ամեն ինչ՝ հանուն մեր երկրի կայունության և ժողովրդի բարօրության», - այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
«Ազատության» դիտարկմանը, թե երեկ ինքն Ազգային ժողովում չշնորհավորեց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բաբլոյանն այսպես արձագանքեց. - «Ես չշնորհավորեցի, որովհետև ուղղակի չթողեցին՝ ծափ տվեցին և իրեն հրավիրեցին»։
Ճշտող հարցին, թե պատրաստվո՞ւմ է դա անել այսօր, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Ես շնորհավորում եմ, որովհետև, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում և հասարակություններում, այո՛, մեկը մյուսին պետք է շնորհավորի»։
ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ ընտրվեց Հայաստանի վարչապետ: Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:
Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Նրան սատարում էին Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը որոշել էր օժանդակել Փաշինյանի ընտրությանը:
Երեկ ավելի ուշ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: