Պետական ճարտարագիտական ու Երևանի պետական համալսարանների մի քանի աշխատակիցներ պնդում են, որ իրենք աշխատանքը կորցնելու վտանգի առջև են կանգնել՝ հանրահավաքներին մասնակցելու և դասադուլներն արգելողներին քննադատող ուսանողի գրառմանը դրական արձագանքելու համար:
ՀՊՃՀ (Պետական ճարտարագիտական համասլարան) դասախոս Աշոտ Հովսեփյանն ասում է՝ ինքը դրական է արձագանքել իր ուսանողներից մեկի մի գրառմանը, որում նա քննադատել է այն դասախոսներին ու համալսարանի ղեկավարության ներկայացուցիչներին, ովքեր ուսանողների նկատմամբ ճնշումներ են գործադրել՝ արգելելով մասնակցել դասադունլերին ու գործադուլներին: «Ազատության» հետ զրույցում նա պատմեց՝ Պոլիտեխնիկական համալսարանի կազմում գործող Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենն ասել է, որ ուսանողին սատարող գրառման համար «բեռնվածքը չի ստորագրի», իսկ դա նշանակում է, որ Հովսեփյանն այլևս դասաժամեր չի ունենա:
«Ես հարցրի՝ պարոն Բարեղամյան, «Ֆեյսբուքում» երկու բառ մեկնաբանություն գրելու համար դուք ինձ զրկու՞մ եք աշխատանքից: Ասաց՝ այո, Աշոտ, էդ ուսանողը բույս է անվանել մեր դասախոսներին, և դու դրան հավանություն ես տվել։ Դրա համար ես գտնում եմ, որ դու չպետք է աշխատես: Ես խրախուսել էի ոչ թե Արարատի ոճը, այլ նրա համարձակությունը, որն այդ շարժման օրերին դեմ է դուրս եկել բուհում ցույցերին, գործադուլներին, դասադուլներին մասնակցելն արգելելուն»,- ասաց Աշոտ Հովսեփայնը:
Նա պնդում է, որ միայն իր հարցազրույցից ու ֆեյբուքյան գրառումից հետո են պոլիտեխնիկում որոշել՝ ընթացք չտալ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Գուրգեն Բարեղամյանի խոսքին ու հաստատել են իր բեռնվածքը: Ասաց՝ «այսքանից հետո չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս եմ աշխատելու պոլիտեխնիկում»: Ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանն էլ «Ազատությանն» ասաց, որ դասախոսի «Կեցցես Արարատ» գրառումը չի կարող աշխատանքից հեռացման պատճառ դառնալ, և որ Գուրգեն Բարեղամյանը միայն իր կարծիքն է հայտնել:
«Տվյալ գրառումն ընդգծված վիրավորական ակցենտ ուներ թե՛ համալսարանի ղեկավարության, թե՛ համալսարանի դասախոսների և ուսանողների համար: Իսկ տնօրենը տվյալ պարագայում նաև համալսարանի և՛ ղեկավարության կազմում է, և՛ դասախոսական կազմում: Եվ որպես աշխատակից, դասախոս իր վիրավորանք է հայտնել: Ես կարծում եմ՝ սա առողջ աշխատանքային քննարկում է, չի կարելի ուղղակի լրահոսին տալ այնպիսի տեղեկատվություն, որը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,- ասաց ռեկտորի տեղակալը, ընգծելով՝ ուսանողների ազատ կարծիքի վրա համալսարանում որևէ մեկը չի բռնանում, դասախոսի տարածած լուրերն էլ ճիշտ չեն:
Օրերս «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հեռակա բանավեճ են սկսել ԵՊՀ ռեկտորի նորանշանակ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ու վերջինիս կողմից ղեկավարվող հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության մեթոդական բաժնի վարիչ Մամիկոն Թոսունյանը: Էմին-Տերյանը պնդում է, որ Թոսունյանը խախտել է իր իսկ կողմից խոստացված ժամկետում աշխատանքից ազատման դիմումի ներկայացման վերաբերյալ ջենտլմենական պյամանավորվածությունը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ Թոսունյանի ղեկավարած վարչությունը սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում, վերջին հարցումներն արվել են 2014 թվակինին:
Նաև նշեց՝ Թոսունյանի առաջարկած հայեցակարգերի մշակման կարիք ԵՊՀ-ն չունի: Ըստ ԵՊՀ ռեկտորի նորանշանակ խոսնակի՝ Թոսունյանն իրեն խնդրել է ժամանակ տալ աշխատանքից ազատվելու համար, վստահեցնելով՝ իր ընկերը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատակազմում աշխատանքի է անցնելու և իրեն էլ հետն է տանելու: «Նրա խնդրանքին ընդառաջել եմ, հետո խոստացված ժամկետն անցել է ու ներկայանալու փոխարեն նա սկսել է ՖԲ-ում հեղափոխականի դիրքերից հանդես գալ»,- պատմեց Գևորգ Էմին -Տերյանը:
«Պայմանը եղել այն, որ ինքըն ապրիլի 15-ին պետք է գար ազատման դիմում գրեր, 15-ից սկսած ես սկսում եմ զանգել Մամիկոնին, ինքը չի պատասխանում, հետո «Ֆեյսբուքով» իրեն գրում եմ՝ Մամիկոն ջան, զանգի խոսելու բան ունենք, չի պատասխանում: Ամսի 25-ին ես արդեն զեկուցագիր եմ ներկայացնում, որ Մամիկոն Թոսունյանը չի գալիս աշխատանքի, և ըստ օրենքի՝ ինքը պետք է բացատրի դա: Մի քանի օր առաջ համալսարանի իմ գործընկերներից մեկն ինձ ուղարկում է մի լինք, որտեղ հրապարակված են երկու նամակներ՝ համալսարանի նամակը և իր պատասխան նամակը, որ «ես պայքարում եմ մեր երեխաների ապագայի համար, իմ և ձեր երեխաների ապագայի համար, դուխով եղեք, դրսում աշխարհը փոխվել է, գնացեք, դուք էլ փոխվեք», էսպիսի ինչ-որ տեքս»,- պատմեց ԵՊՀ մամուլի խոսնակը:
Գևորգ Էմին-Տերյանի խոսքով՝ ԵՊՀ-ն պաշտոնական նամակ է ուղարկել Թոսունյանին՝ աշխատանքի չներկայանալու պատճառների վերաբերյալ բացատրագիր ներկայացնելու պահանջով: Ըստ նրա՝ պաշտոնական պատասխանի փոխարեն Թոսունյանն իր ֆեյսբուքյան էջում հեղափոխական տեքստ է գրել:
«Ազատության» հետ զրույցում Թոսունյանը հակադարձեց՝ ինքը հրաժարվել է աշխատել, որովհետև Գևորգ Էմին-Տերյանի մոտեցումներն իր համար անընդունելի են եղել: Հերքեց Սերժ Սարգսյանի աշխատակազմում գործի անցնելու մասին լուրերը: Ասաց՝ իր միակ սխալն այն է եղել, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ: Վստահ է, որ հանրահավաքներին իր ակտիվ մասնացկությունն է պատճառը, որ ռեկտորի նորանշանակ խոսնակն իրեն վատաբանում է:
Նաև հարց տվեց՝ եթե 12 տարի չի աշխատել, ռեկտորն ինչպե՞ս դա չի նկատել ու վարձատրել է իրեն: «Ինքը սկսեց սևացնել մեր աշխատանքը, իբր ոչ ոք էստեղ ոչինչ չի անում: Բացի դրանից ես հասկացա, որ մարդը դեղին մամուլի ակնհայտ ներկայացուցիչ է և էդ միջոցներով, տեխնոլոգիաներով պատրաստվոմ է էստեղ աշխատել: Բնականաբար, ես այստեղ չէի ուզում աշխատել, և ինձ պետք էր որոշ ժամանակ՝ պարզապես գործ ճարելու համար»,- ասաց Թոսունյանը, հավելելով՝ կարծում է, որ հենց ցույցերին իր մասնակցելը հանգեցրեց այս ամենին:
ԵՊՀ ռեկտորի նորանշանակ խոսնակը, մինչդեռ, վարչության աշխատակցին մեղադրում է համալսարանի բարի համբավն արատավորելու մեջ: Ասաց նաև, որ իր հասցեին համացանցում հնչեցրած հայտարարություների մի մասով էլ դատարան է դիմելու: «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ ԵՊՀ ռեկտորը Թոսունյանից պաշտոնական բացատրություն ստանալուց հետո կստորագրի աշխատանքից ազատման նրա դիմումը: