Մատչելիության հղումներ

Թոմաս դը Վաալ. «Հայաստանի երիտասարդության համար Մոսկվան այլևս աշխարհի կենտրոնը չէ»


«Քարնեգի» հիմնադրամի կայքում զետեղված «Հայկական հեղափոխությունն ու 88-ի ժառանգությունը» վերտառությամբ հոդվածում բրիտանացի վերլուծաբան Թոմաս դը Վաալը գրում է․ - «30 տարի առաջ Հայաստանում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ էին ծավալվում: 1988-ի փետրվարին լայն հանրությանը անհայտ քաղաքական գործիչները համարձակվեցին մարտահրավեր նետել տեղի կոմունիստական ղեկավարությանը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենահանգիստ և հավատարիմ հանրապետությունների մեկը»:

«Առաջ անցնելով Վրաստանից և բալթյան հանրապետություններից, «Ղարաբաղ» կոմիտեն ներկայացնող նորաթուխ քաղաքական գործիչները կարողացան զանգվածային հասարակական շարժում ստեղծել», - արձանագրում է դը Վաալը` փորձելով նաև հասկանալ այժմյան իրադարձությունների և 88-ի շարժման հիմնական տարբերությունները․ - «Գլխավոր տարբերությունը հետևյալն է` այսօր ընթացող բողոքի գործողություններին մասնակից երիտասադները, ի տարբերություն իրենց ծնողների, գրեթե ամբողջությամբ ձերբազատվել են խորհրդային մտածելակերպից և Մոսկվան որպես աշխարհի կենտրոն չեն ընկալում»:

Մյուս կողմից, ըստ Թոմաս դը Վաալի, «հայաստանցի երիտասարդները շատ ավելի պարփակված են ներհայկական օրակարգի շրջանակներում»․ - «Ղարաբաղյան հակամարտության ժառանգությունը` փակ սահմանները, ծայրահեղ ազգայնականությունը, ռազմականացումը, այս ամենը սահմանափակում է երիտասարդներին, սակայն նրանք դա ամբոջությամբ չեն էլ ըմբռնում: Այս սերունդը ամբողջությամբ ընկալել է ազգայնականության և վերջին երկու տասնամյակների պայքարի տրամաբանությունը»:

Մյուս կողմից, սակայն, Թոմաս դը Վաալը վստահ է, որ այսօրվա Հայաստանն անհամեմատ ավելի լուրջ հեռանկարներ ունի, քան 90-ականներին:

«Ի տարբերություն 20 տարի առաջ ստեղծված իրավիճակի, այսօր Երևանը տեղեկատվական տեխնոլոգիաների ամերիկահայ մասնագետներով, Եվրամիության խորհրդատուներով, չինացի գործարարներով և իրանցի զբոսաշրջիկներով ողողված կոսմոպոլիտ քաղաք է», - նշում է բրիտանացի վերլուծաբանը:

Վաշինգտոնում գործող Brookings վերլուծական կենտրոնի փորձագետ Պավել Բաևը վերլուծում է Կրեմլի` հայաստանյան իրադարձությունների հանդեպ ցուցաբերած «անտարբերության» պատճառները:

«Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հեղափոխությունը մեծ անակնկալ էր թե՛ Ռուսաստանի ղեկավարության և թե՛ այն բոլոր մյուս ուժերի համար, որոնք ներգրավված են Կովկասում առկա բազմաթիվ հակամարտություններում: Կարելի է ակնկալել, որ Մոսկվան ավելի լավ տեղեկացված պետք է լիներ, առավել ևս, որ փորձագիտական շրջանակներից նախկինում որոշակի զգուշացումներ հնչել էին», - գրում է Brookings-ի փորձագետը` շարունակելով․ - «Կրեմլում, սակայն, հակված չեն լսել անգամ կիսանկախ փորձագետների կարծքիները: Որպես հետևանք, նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի կեսերին անձամբ զանգահարեց և ջերմորեն շնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու առթիվ, թեև արարողակարգը դա չէր պահանջում: Սերժ Սարգսյանի` ապրիլի 23-ին ներկայացրած հրաժարականը [Մոսկվայի համար] շոկային էր: Թեև Ռուսաստանի պետական քարոզչամեքենան փորձում էր բացատրություններ գտնել, այնուհանդերձ Ռուսաստանի նախագահը, ի դեպ ոչ առաջին անգամ իր կառավարման ընթացքում, կաթվածահար էր և մատնված էր անգործության»:

Բաևի համոզմամբ՝ Մոսկվայում ճիշտ պահին չնկատեցին Հայաստանում հասունացող ճգնաժամը․ - «Պուտինն ու իր շրջապատը սխալվեցին՝ ուշադրություն չդարձնելով այս լրջագույն ճգնաժամի ծագմանը, սակայն հետագայում խուսափեցին շատ ավելի լուրջ սխալից` զերծ մնալով ուշացած միջամտությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG