Մատչելիության հղումներ

Հանրապետական խմբակցությունից Փաշինյանի օգտին կողմ է քվեարկել 13 պատգամավոր


Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Հանրապետական խմբակցությունից Նիկոլ Փաշինյանի օգտին այսօր կողմ է քվեարկել 13 պատգամավոր։

Փաշինյանի օգտին կողմ են քվեարկել գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Աազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը, գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը, Մուրադ Մուրադյանը, «Ջավախք» հայրենակցական միության անդամ Շիրակ Թորոսյանը, Համաշխարհային ասորական միության անդամ Արսեն Միխայլովը, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ»-ի նախագահն Կնյազ Հասանովը:

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Նրան սատարում էին Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը որոշել էր օժանդակել Փաշինյանի ընտրությանը:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մայիսի 1-ին խորհրդարանում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG